Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան

Հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր այս դիրքորոշումը շատերը որպես նորույթ են համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, և այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, և մինչև 1998թ. բանակցությունները շարունակվել են հենց այս ձևաչափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ 1998թ. հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: «Ճի՞շտ են արել, թե՞ սխալ, դա ուրիշ խնդիր է, բայց նրանք դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է: Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ոնց ենք վերաբերվում: Բայց նույնը չեմ կարող անել ես: Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, փոխարենն ունի իր իշխանությունը, իր Ազգային ժողովն ու կառավարությունը, իր նախագահը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ամեն անգամ, երբ բանակցային գործընթացում Ղարաբաղին ներգրավելու հարց է ներկայացվում, Ադրբեջանն ասում է, թե այդ դեպքում բանակցություններին որպես ինքնուրույն կողմ պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի այսպես ասած «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Վարչապետի խոսքով՝  իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: «Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի և որպես այդ երկրի քաղաքացի, նրանք շարունակում են մասնակցել տեղի ունեցող ընտրություններին, այդ թվում՝ նախագահական ընտրություններին: Ասել է թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ բանակցություններին մասնակցում է այդ մարդկանց տված մանդատով, այդ մարդիկ բանակցային գործընթացում արդեն իսկ ներգրավված են՝ ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նա շեշտեց, որ իր այս մոտեցումները որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը: «Ինչպես նախկինում ասել եմ, պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց մինչ այդ պարտավորված եմ զգում ամեն ինչ անել բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար: Եթե մենք բանակցում ենք խնդիրը իսկապես կարգավորելու և ոչ թե ընդամենը բանակցելու համար: Կարծում եմ, որ բանակցությունները իսկապես արդյունավետ դարձնելու համար պակաս կարևոր չէ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը: Սա էական հարց է, որովհետև մի փոքր անհարմար կլինի բանակցել նոր պայմանավորվածությունների հասնելու շուրջ, եթե նախկինները մնում են առանց իրագործման»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]