Վարդենյաց լեռնանցքը փակ է
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մարալիկ – Լանջիկ, Արթիկ – Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում գետնաբուք է:
Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան – Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում