Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում: Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին պարզապես նպաստ տալու մոտեցումից անցում է կատարվում կոնկրետ կարիքի գնահատմանը և դրան համապատասխան, օգնության տրամադրմանը:

«Ընտանիքների անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում բազմաթիվ ցուցանիշներ: Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելության ընթացքում շատ բան է պարզվում, խնդիրներն են վերհանվում: Հստակեցվում է տվյալ անձի կամ ընտանիքի անդամների աշխատելու ունակությունը, ցանկությունը, կարողությունը, հոգեբանական վիճակը: Այսինքն` սոցիալական աշխատողը գնահատում է աղքատության մակարդակը, դրանց տալիս ձևակերպումներ, որից հետո սկսվում համապատասխան աջակցման աշխատանքը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Տրամադրվող աջակցությունը կարող է տարբեր լինել` առողջապահական ծառայություններ, կրթական ծրագրեր, հոգեբանական ծառայություն, խնամք, աշխատանքի տեղավորում և այլն:

Հայաստանում ներկայում հաշվառվում է մոտ 1000-ից ավելի սոցիալական աշխատող: Աստղիկ Մինասյանի տեղեկացմամբ, պետական մարմիններում աշխատում է մոտ 700 աշխատող, մնացածը հասարակական կազմակերպություններում են:

Շրջանառության մեջ է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայում ՀՀ կառավարությունում է: Օրենքի նախագիծը մշակվել է «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ այդ օրենքի նախագիծն ուղղված է սոցիալական աշխատողների մասնագետների որակի բարձրացմանը:

«Մարդիկ կարիքի մեջ են և կուզենան ստանալ որակյալ ծառայություն: Դրա համար ընտանիքում մուտքը, նրանց հետո աշխատելու մոտեցումը, գործի վարումը պետք է լինի գրագետ, և այդ դեպքում դժվարին իրավիճակում հայտնվածները ոչ թե կդիմադրեն, այլ կգնան համագործակցության»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կրթական չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն սոցիալական աշխատողները: Սոցիալական ծառայությունները ձևավորվել են ավելի վաղ, քան կրթական բաղադրիչի ներդրումն էր: Հետևաբար` համակարգում կան մարդիկ, որոնք բանիմաց են, փորձ ունեն, սակայն գործի նկատմամբ մոտեցումն է տարբեր, աշխատանքն անում են այլ տեսանկյունից:

«Համակարգը համապատասխան կրթությամբ աշխատողներով համալրելու կարիքը կա: Եվ որպեսզի այդ անցումը ճիշտ կազմակերպվի, առաջարկում ենք այս օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն կրթական չափորոշիչներ: Արդեն համակարգում աշխատողները լրացուցիչ կրթությամբ պետք է համապատասխանեն նոր պայմաններին: Սոցիալական աշխատողները բժիշկների նման պետք է ամեն օր կատարելագործվեն: Օրենքը փորձում է  կարգավորել այդ դաշտը»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է: Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի` տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

 Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ միայն նյութական, այլև հոգեկան աջակցություն:

Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]