Առողջապահության նախարարությունն ու «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» ստորագրել են համաձայնագիր
2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարությունն ու «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» ստորագրել են համաձայնագիր՝ մեկնարկելով պաշտոնական համագործակցությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մասնագետների հավաստագրման, բժշկական կենտրոնների լիցենզավորման, ուղեցույցների ու չափորոշիչների մշակման գործում նախարարն անհրաժեշտ է համարել մասնագիտական համայնքի` ասոցիացիաների ներգրավվածությունը:
«Թեև մինչև հիմա էլ շատ սերտ համագործակցություն ենք ունեցել «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ, բովանդակային փոփոխություններից առաջ պարտադիր լսել ու հաշվի առել ձեր կարծիքն ու դիտարկումները, բայց կարևոր է նաև այս ամենը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» հետ համաձայնագրի ստորագրումից առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» միշտ աչքի է ընկել միասնական ակտիվությամբ, ինչն էլ ապահովել է նրանց ձայնը լսելի դարձնելն ու գերատեսչության հետ արդյունավետ փոխգործակցությունը:
«Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի» նախագահ Համլետ Հայրապետյանը, ոլորտի զարգացման գործում կարևորելով փորձառու մասնագետների դիտարկումները մշտապես հաշվի առնելու գերատեսչության պատրաստակամությունը, նշել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են ջանքերը մեկտեղելու` ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:
Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն առաջարկել է մշակել համագործակցության հնգամյա ռազմավարությունը, մեկնարկի համար ներկայացնել երեք առաջնահերթ ուղղություններ:
Ասոցիացիայի անդամները տեղում ներկայացրել են այն երեք կարևոր առաջնահերթությունները, որով և մեկնարկել է Առողջապահության նախարարություն-«Հայաստանի սրտաբանների ասոցիացիա» պաշտոնական համագործակցությունը: