Երևանյան բեսթսելեր 4/2. Կոելյու, Ուայլդ, Նիցշե
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:
Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, երրորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը չորրորդ տեղում է: Սա հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը վեցերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է` զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունն ութերորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
«Այսպես խոսեց Զրադաշտը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002թ.:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Պաուլու Կոելյուի «Անհավատարմություն»-ը : 2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունն «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49), «Մետրո» (091- 96- 14 - 88) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 34 | |
2 | 0 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 23 | |
3 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 13 | |
4 | -1 |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 12 | |
5 | * |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 11 | |
6 | +4 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 11 | |
7 | -1 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 10 | |
8 | +1 |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 10 | |
9 | * |
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը» |
Անտարես | 9 | |
10 | * |
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» |
Անտարես | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում