Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը հաղթել է «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մարզային մրցումներում

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը հաղթել է «ՀՀ Վարչապետի գավաթ» 
խճուղավազքի մարզային մրցումներում

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի թիմը «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի մրցումների մարզային փուլում գրավել է առաջին տեղը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցումները տեղի են ունեցել  Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում։

Մրցումներն անցկացվել են  թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին:

Մարզային փուլին մասնակցության հայտ են  ներկայացրել մարզի 28 դպրոցական թիմեր, նրանց մեծ մասը կարողացել են ավարտել մրցապայքարը։

Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովել են ոստիկանության ծառայության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:

Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ տեղում՝ Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ  նախարարության կողմից հանձնվել են  հավաստագրեր:

Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 17-18-ին, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի շուրջ՝ 5 կմ շառավղով ընտրված տարածքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am