Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բելգիական հայտնի «Ֆրիթլանդը» թատերգությունը՝ երեւանյան բեմում

Բելգիական հայտնի «Ֆրիթլանդը» թատերգությունը՝ երեւանյան բեմում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանում Բելգիայի Թագավորության դեսպանության, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի, Վալոնի-Բրյուսել ինտերնասիոնալի եւ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա դիտելու Զենել Լաչիի «Ֆրիթլանդ» թատերգության բեմադրությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դը Մույնկը նշել է, որ Բրյուսելի Գրպանի թատրոնի (Théâtre de Poche de Bruxelles) Երեւան ժամանումը կյանքի է կոչում նորաբաց դեսպանության ցանկությունը՝ ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի։    

«Երևանյան մշակութային ասպարեզի դերակատարների, մասնավորապես Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ​​ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ իմ առաջին շփումներից հայտնի դարձավ, որ միգրացիայի թեման հայ հանրության կողմից ուշադրության արժանացած թեմաներից է: «Ֆրիթլանդի» միջոցով մեր դեսպանատունը նպատակ ունի օգտագործել փափուկ ուժը՝ մեր ներկայությունը Հայաստանում ավելի տեսանելի դարձնելու, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերի անդրադառնալու համար։ Վերջին զարգացումները միայն հաստատում են դա», - ասել է դեսպան Դը Մույնկը՝ վերահաստատելով դեսպանության պատրաստակամությունն աջակցել մշակութային ոլորտի փոխանակումներին, որոնք, ըստ դեսպանի, շատ կարեւոր են երկու երկրների մերձեցման համար։  

Թատերգության հեղինակն ու դերակատարը Զենել Լաչին է՝ ամերիկյան երազը մտքում Բելգիայում հաստատված ալբանացի ընտանիքի վեց երեխաներից մեկը, որը հոր հսկողության տակ աշխատում է օրը 14 ժամ, ընտանիքի՝  70-ականներին բացած ֆրիթերիայում՝ Բրյուսելի ամենաբանուկ հատվածում։ Թատերգության հաջողության  մեջ իր ավանդն ունի նաեւ ռեժիսոր Դընի Լոժոլը։   

Ֆրիթլանդը հաջողում է, եւ ընտանիքը լավ է ապրում: Փողը, սակայն, Զենելինը չէ: Նա սիրում է գրականություն, արվեստ, երազել, պատմություններ պատմել։ Զենելը պայքարում է ալբանական ֆրիթլանդի անիծյալ ճակատագրից փախչելու, իր ճանապարհը, իր ազատությունը գտնելու համար։ Գրականության մեծ սիրահարի անձնական կյանքի հիման վրա գրված պիեսը շատ արագ հաջողություն է ունենում Բելգիայում։

Դեսպան Էրիկ Դը Մույնկը նշեց, որ մշակութային այս միջոցառումն իր նպաստը կունենա նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում։ «Ներկայացման հետ մեկտեղ մենք կկազմակերպենք խոհարարական վարպետության դաս հայ խոհարարների համար, որպեսզի նրանց համար բացահայտենք բելգիական կարտոֆիլի մի քանի գաղտնիքներ, մասնավորապես, կրկնակի եփումը», - հավելեց դեսպանը։

Հայաստանում Բելգիայի դեսպանությունը մեծ թափով շարունակելու է մշակութային, միեւնույն ժամանակ խիստ խորհրդանշական եւ հայ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ ներկայացումների շարքը։

Թատերգության մուտքն անվճար է՝ հասանելի տեղերի սահմաններում: Հետաքրքրված հանրությունը, սակայն, կարող է հաստատել իր ներկայությունը՝ հաղորդագրություն ուղարկելով հետեւյալ էլ-հասցեին՝ yerevan@diplobel.fed.be։ Երեւանից հետո թատերախումբը կմեկնի Գյումրի, որտեղ ներկայացումը կներկայացվի երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, ժամը 19:00-ին Գյումրի քաղաքի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:  

Հաջորդ ներկայացումը կլինի «Սա Եվրոպան է» շոուն է, որի հեղինակն է բելգիացի համալսարանական պրոֆեսոր Հենդրիկ Վոսը։ Դեսպանը հույս հայտնեց՝ շոուն, որը նվիրված է եվրոպական շինարարության պատմությանը, կհասնի լայն լսարանի, հատկապես երիտասարդներին, քանի որ Հայաստանն ակտիվացնում է իր հարաբերությունները Եվրամիության եւ նրա անդամ երկրների հետ։ «Սա Եվրոպան է» շոուն տեղի կունենա հունիսի 5-ին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am