Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական 
միության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ «Սիլիկոնային հովիտ» կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:

Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am