Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն 
այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն 2 օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ադրբեջանը, սակայն, արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, որ Հայաստանը սադրանք է իրականացնում։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը։ 

Ինչպես տեղից  հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրանք շրջել են տեղանքում, ծանոթացել տիրող իրավիճակին։

Դիվանագետներին իրավիճակի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ է փոխանցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ 

Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am