Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

ՎԶԵԲ-ը նախորդ տարի 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ

ՎԶԵԲ-ը նախորդ տարի 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է 
իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2022 թվականին 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՎԶԵԲ-ից, ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

«Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից: Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին:

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում:

ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:

Այս ֆինանսավորմանը զուգահեռ՝ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:

Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։

Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ՝ ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար՝ հատկապես գյուղական վայրերում:

Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am