Քաղաքականություն

Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում. «Գեղարդ» հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում. «Գեղարդ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված Հասան Հասանովի հարցազրույցին՝ նշել է, որ Հասանովի աշխատանքն իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։

Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։

Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու հակապատմական են, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Հարկ չկա անգամ հակափաստարկելու, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Միաժամանակ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ.թ.ա. 612 թվական։

Իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա՝ Ատրոպատենեն մ.թ.ա. 7-րդ դարով թվագրելու, առավել ևս՝ ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ»:

Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ հարցին, թե ինչու ցարական կառավարման կամ խորհրդային իշխանության սկզբնական շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով՝ Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն այդպես են սկսել կոչվել 1920-1930-ական թվականներին՝ ԽՍՀՄ վարած քաղաքականության արդյունքում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. Համամիութենական մարդահամարով՝ Ադրբեջանի «տիտղոսակիր ժողովրդի» ներկայացուցիչները (նաև՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար վերջնականապես հաստատվեց այդ անվանումը»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը:

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում