Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Լիտվայի հետ առկա բազմաշերտ և հարուստ օրակարգի առումով՝ ընդգծելով նաև իր լիտվացի գործընկերոջ կողմից ներդրվող ջանքերն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ 

«Մեր երկրները վայելում են ամուր ընկերություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն բարգավաճման նպատակների վրա», - ասաց նախարարն՝ իր գոհունակությունը հայտնելով այն առումով, որ երկու երկրների միջև փոխայցելությունները անցել են ակտիվ, ընդգրկուն, շարունակական և զարգացող գործընկերության մթնոլորտում։ 

Նա նշեց, որ իր լիտվացի գործընկերոջ հետ վերահաստատել են երկկողմ կապերը խորացնելու հանձնառությունն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներին։

«Ես կցանկանայի նաև ընդգծել իմ գործընկերոջ (խմբ․ նկատի ունի Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին) անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործում»,- ընդգծեց Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերն, իհարկե, գիտակցում են միջխորհրդարանական համագործակցության կարևոր ներդրումը երկու երկրների միջև կապերի խորացման գործում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում