Հասարակական

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, այն վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է

3 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, այն վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակի կտրուկ բարձրացումներ, նախորդող օրվա համեմատ 2-3 մետրով։

«Այդ ամենի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները՝ զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3 /վ, մինչդեռ նախորդող օրը երեկոյան այն կազմել էր 119 մ3 /վ»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Հորդառատ տեղումները նաև իրենց ազդեցությունը թողեցին Սևանա լճի մակարդակի վրա։ 2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․17 մ։ Լճի մակարդակն աստիճանաբար բարձրացել է մայիսի 14-ից։ Հունիսի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900․58 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 10 սմ-ով։

«Մայիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, որը վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 3-ը ներառյալ կազմել է 121 մլն 627 հազար խմ, որը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի դեպ, նախորդ տարի մայիսի 14-ից սկսվել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը։ Այս տարի Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն դեռ չի եղել»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Ջրամբարների լցվածության առումով ևս դրական միտում է նկատվում։ Արդեն 302 մլն խմ-ով ավելի ջուր է կուտակվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում