Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների առկայության մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար (այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում) անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել առևտրի բնույթում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ТАСС-ը:

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների կառուցվածքային մոտեցմանը, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարակարծությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելու խնդիրը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից:

ԵԱՏՄ այլ հրատապ խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև միավորման շրջանակներում տարբեր նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմների զարգացման, պարենային անվտանգության ապահովմանը միտված ուղիների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման և խոչընդոտների, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ, վերացման նպատակով անհրաժեշտ ենք համարում այդ հարցի վերաբերյալ (խմբ. պարենային անվտանգության ապահովման) մշակել համապարփակ մոտեցումներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում