Քաղաքականություն

Բելգիական կուսակցության ցուցակով եվրոպական ընտրություններում առաջադրված հայ թեկնածուն ներկայացրել է իր առաջնահերթությունները

9 րոպեի ընթերցում

Բելգիական կուսակցության ցուցակով եվրոպական ընտրություններում առաջադրված հայ թեկնածուն ներկայացրել է իր առաջնահերթությունները

ԲՐՅՈՒՍԵԼ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայում հունիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է հինգ հայ թեկնածու․ երկուսը՝ Բրյուսելի շրջանային, մեկը՝ Լիեժի ֆեդերալ, մյուս երկուսը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բելգիայի «Ռեֆորմիստական Շարժում» (MR) կուսակցության կողմից եվրոպական ընտրություններում առաջադրված Արմինե Հարեյանը կարևորում է ներառական հասարակությունը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր տեղը և կզարգանա անկախ և պատասխանատու կերպով: Արմինեի համար կարևոր է ուժեղ, անկախ և ինքնաբավ Եվրոպա ստեղծելը, որը պաշտպանում է իր քաղաքացիներին անվտանգության մարտահրավերների դեպքում, և որն արձագանքում է բնապահպանական և կլիմայական խնդիրներին: Հայ թեկնածուն վստահ է՝ հայկական համայնքի անցած ճանապարհն ու պատմությունը կարող են միայն ու միայն հարստացնել Բելգիային, առաջ մղել նրա միջազգային օրակարգերը։

IMG_5475.jpg (382 KB)

Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։

Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Երկար տարիներ աշխատել եմ տարբեր հասարակական կազմակերպություններում՝ որպես հասարակական կապերի պատասխանատու, Եվրոպական ծրագրերի կոորդինատոր։

Հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ դեռևս ուսանողական տարիներից, երբ միացել էի Հայաստանում առաջին երիտասարդական Հասարակական կազմակերպությանը՝ Երիտասարդական ակադեմիային։ Ավելի ուշ մի քանի ֆրանսախոս ընկերներով հիմնեցինք «Երիտասարդությունը Եվրոպայի համար» հասարակական կազմակերպությունը, որն առաջին եվրոպամետ ՀԿ-ն էր, և որի նպատակն էր եվրոպական արժեքների՝ ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների խթանումն ու տարածումը Հայաստանում։ Այսինքն՝ արդեն այդ տարիներից ինձ մոտ, կարծես թե, ձևավորվում էր եվրոպական արժեքների վերաբերյալ հետաքրքրություն։

2010 թվականին անձնական նպատակներով տեղափոխվեցի Բելգիա և շատ արագ հասկացա, որ հանգիստ տնային կյանքն ինձ համար չէ։ Քանի որ այդ ժամանակ բնակվում էի մի փոքրիկ բելգիական գյուղում, որտեղ հայեր չկային, փնտրեցի և գտա ինձ ամենամոտ հայկական համայնքը, որն Աախեն քաղաքում էր։ Այնտեղ հիմնեցի հայոց լեզվի և պատմության կիրակնօրյա դասավանդում, որտեղ միանգամից գրանցվեց 5-15 տարեկան 17 երեխա։

Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի Բրյուսել, որտեղ արդեն ձևավորված և բավական հին արմատներով հայկական համայնք կա։ Ներգրավվեցի համայնքի կյանքին և սկսեցինք հայկական հարցերը առաջ մղել Բելգիայի և Եվրոպայի տարբեր քաղաքական ատյաններում։ Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ու մինչ այսօր էլ փորձում ենք Հայաստանի ու Արցախի խնդիրների ու հարևան պետության ոտնձգությունների մասին իրազեկել և համապատասխան արձագանք ակնկալել երկրի համապատասխան ատյաններից։ 2020 թվականի պատերազմից հետո Բելգիայի խորհրդարանը մի շարք բանաձևեր ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանին, որոնց ձևավորման ու առաջ մղման հարցում իմ համեստ լուման ունեմ։

Բնականաբար, այսպիսի աշխատանքներին մասնակցելն աննկատ չի անցնում։ Վերոհիշյալ բանաձևերը Բելգիայի ֆեդերալ խորհրդարանին առաջարկել է մեր համայնքի և Հայաստանի շատ լավ բարեկամ պատգամավոր Միշել դը Մագդը, ով Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության անդամ է։ Ինքն էլ հենց առաջարկել էր իմ թեկնածությունը Բելգիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Սոֆի Վիլմեսին, ով գլխավորում է այդ կուսակցության եվրոպական թեկնածուների ցուցակը։ Անձամբ Սոֆի Վիլմեսից առաջադրվելու առաջարկություն ստանալը պատիվ է։ Ամենավերջին սոցիալական հարցումների արդյունքներով նա Բելգիայի ամենահայտնի և ամենասիրված քաղաքական գործիչն է համարվում։

IMG_6456.jpg (2.39 MB)

Ինչո՞վ էր պայմանավորված «Ռեֆորմիստական շարժում» լիբերալ կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։

Բնականաբար, առաջին հերթին մի քանի հիմնարար հարցերում կուսակցության դիրքորոշման հետ իմ համաձայնությունն է։ Օրինակ, եթե վերցնենք եվրոպական տեսանկյունից, ապա կուսակցությունը կողմ է ուժեղ, անկախ և ինքնաբավ Եվրոպայի ստեղծմանը։ Թե՛ համաճարակի, թե՛ Ուկրաինայի պատերազմի ժամանակ բոլորը զգացին, թե որքան է Եվրոպան կախված երրորդ երկրներից։ Այսօր մենք ուզում ենք զարգացնել Եվրոպական արտադրությունը։ Վերցնենք թեկուզ գազն ու էլեկտրականությունը։ Ի՞նչ արեց Եվրոպան Ուկրաինայի պատերազմի ժամանակ․ արգելեց ռուսական գազը, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի բռնապետության հետ գազամատակարարման պայմանագիր կնքեց, և շատ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ գազն Ադրբեջանը ստանում է Ռուսաստանից։ «Ռեֆորմիաստական շարժում» կուսակցության աշխատանքների շնորհիվ վերջերս 10 տարով երկարացվեց Բելգիայի ատոմային էներգիայի ռեակտորների աշխատանքը։ Սակայն մեր պլանը միայն ատոմայինով չի սահմանափակվում։ Մենք առաջարկում ենք էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում՝ ատոմայինը համատեղելով վերականգնվող էներգիայի հետ։ Եվրոպան պետք է ապահովի իր մատակարարման անվտանգությունը ցածր ածխածնի արտադրությամբ։ Ունենալով Էներգիայի սեփական արտադրություն՝ Եվրոպան այլևս կախված չի լինի նավթային բռնապետություններից։

Եվ, ի վերջո, ոչ պակաս կարևոր պատճառներից է այս կուսակցության դիրքորոշումը Հայաստանի և Արցախի վերաբերյալ։ «Ռեֆորմիստական շարժում» կուսակցությունը միշտ սատարել է հայկական համայնքին, Հայաստանին ու Արցախին։ Ինչպես վերևում արդեն նշեցի, 4 տարվա ընթացքում Բելգիայի ֆեդերալ խորհրդարանը 4 հայամետ բանաձև է ընդունել և բոլոր 4-ն էլ առաջ են քաշվել այս կուսակցության կողմից։ Կարծեմ, այն միակ կուսակցությունն է, որ 2024 թվականի իր ծրագրում հատուկ պարագրաֆ ունի՝ նվիրված Հայաստանին ու Արցախին աջակցությանը։

Ի՞նչ առաջնահերթություններ ունեք դուք և ի՞նչ եք խոստանում ընտրողին։

Ինձ համար շատ կարևոր է ներառական հասարակությունը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր տեղը և կզարգանա անկախ և պատասխանատու կերպով:

Սա պահանջում է կոնկրետ գործողություններ և կոնկրետ քաղաքականություն՝ ուղղված հավասար հնարավորությունների խթանմանը՝ անկախ ծագումից, համոզմունքներից և նախասիրություններից:

Բազմազանությունն արժեք է, որը պետք է փառաբանվի և խրախուսվի, այլ ոչ թե օգտագործվի որպես արդարացում՝ որոշակի մարդկանց խտրականության ենթարկելու կամ բացառելու համար:

Այս տարի առաջին անգամ եվրոպական ընտրություններում կարող են քվեարկել 16 տարին լրացած անձինք։ Երիտասարդները ապագայի կրողներն են և այսօր արդեն նաև իրենք պետք է որոշում կայացնեն իրենց ապագայի համար։

Ես կարևորում եմ արդեն այսօրվանից նրանց ներգրավվածությունը ապագայի որոշումների կայացման հարցերում և կպայքարեմ, որ վերջիններս ավելի լավ կրթություն ստանան, ավելի ներգրավված լինեն հասարակական -քաղաքական կյանքում։

Ինձ համար կարևոր է ուժեղ, անկախ և ինքնաբավ Եվրոպա ստեղծելը, որը պաշտպանում է իր քաղաքացիներին անվտանգության մարտահրավերների դեպքում, և որն արձագանքում է բնապահպանական և կլիմայական խնդիրներին:

Եվրամիությունը պետք է շարունակի մնալ համաշխարհային տնտեսության հիմնական դերակատարներից մեկը:

PHOTO-2024-04-21-19-54-01.jpg (538 KB)

Հայ թեկնածուների առաջադրումը և հնարավոր հաջողություններն ի՞նչ շոշափելի ազդեցություն և արդյունք կարող են ունենալ Բելգիայի հայ համայնքի համար։

Մենք այս ընտրություններին տարբեր մակարդակներում առաջադրված 5 հայ թեկնածու ունենք։ Սա շատ լավ հնարավորություն է Բելգիայի հայկական համայնքի համար՝ ցույց տալու իր ուժը։ Ես համոզված եմ, որ համայնքը պետք է ավելի ակտիվ ներգրավվի երկրի քաղաքական կյանքում։ 5000 տարի շարունակ գտնվելով Եվրոպայի և Ասիայի մեջտեղում՝ մենք այս երկու մշակույթները կապող կամրջի դեր ենք խաղացել։ Մեր անցած ուղին և պատմությունը կարևոր են Բելգիայի համար, որպեսզի այն առաջ շարժվի ավելի հարստացած։

Եվրախորհրդարանի անդամը կարող է աշխատել հանուն ընդհանուր բարօրության, բայց նաև իր ներկայությամբ ճանաչելի դարձնել մեր պատմությունը: Սա Հայաստանում խաղաղության և կայունության հասնելու լավագույն միջոցն է։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում