Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Դեպի Հայք»-ը՝ ամուր կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև. ծագումով հայ կամավորները շարունակում են ակտիվ մասնակցել ծրագրին

«Դեպի Հայք»-ը՝ ամուր կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև. ծագումով հայ 
կամավորները շարունակում են ակտիվ մասնակցել ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դեպի Հայք» հիմնադրամը տարիներ շարունակ ամրապնդում է Հայաստան-սփյուռք կապը՝ արտերկրում ապրող ծագումով հայ երիտասարդներին հնարավորություն տալով գալ հայրենիք, ապրել, աշխատել, նորովի բացահայտել Հայաստանն ու առնչվել նրա հետ: Նրանցից շատերը, ընդգրկվելով և՛ Երևանում, և՛ մարզերում գործող տարբեր կազմակերպություններում, իրենց գիտելիքն են փոխանցում, նոր հմտություններ ձեռք բերում, երբեմն երկարաժամկետ աշխատանքի առաջարկ ստանում և որոշում մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանի, կամավորներից մի քանիսի հետ զրույցով փորձել է պարզել ծրագրի առավելությունները, ընձեռած հնարավորությունները, նպատակն ու առաքելությունը:

Կաբակյանի խոսքով՝ իրենք ձգտում են գործնական առումով Հայաստանին կապել արտերկրում ապրող հայ երիտասարդներին, իսկ կամավորական աշխատանքը դա անելու միջոցներից մեկն է: «Մենք չենք ցանկանում, որ նրանք միայն մակերեսային, զբոսաշրջային փորձառություն ունենան, բավարարվեն տասը տարին մեկ այստեղ հարսանիքի, մկրտության կամ այլ առիթի մասնակցելով, տեսարժան վայրեր այցելելով: Ուզում ենք՝ ընդգրկվեն տարբեր բնագավառներում, ճանաչեն երկրի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը»,-շեշտում է նա:

2004 թվականից Հայաստանում գործող կամավորական ծրագրին մասնակցել է շուրջ 2400՝ 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդ: Նրանցից 300-ը բնակություն է հաստատել Հայաստանում: Ծրագրին մասնակցելու հնարավորություն է տրվում բոլոր ցանկացողներին: Չեն ընտրում ըստ ոլորտի կամ փորձառության, ընտրում են մարդկանց, ովքեր ցանկություն ունեն կապ հաստատել Հայաստանի հետ, ուզում են ինչ-որ բան ստեղծել հայրենիքում, լի են էներգիայով և ձգտում են Հայաստանը դարձնել իրենց կյանքի կարևոր մասերից մեկը:

«Կան մասնակիցներ, ովքեր նոր են ավարտել համալսարանը և աշխատանքային փորձ չունեն, կան երիտասարդներ, ովքեր տարիների փորձ ունեն և կարող են շատ բան բերել իրենց հետ: Կամավորներից շատերն ընդգրկվում են Երևանում գործող տարբեր կազմակերպություններում, մի մասն էլ՝ մարզում: «Դեպի Հայք»-ը ունի գրասենյակներ Գյումրիում և Վանաձորում: Վանաձորում տարվա ընթացքում հինգ ամիս ենք աշխատում, սակայն ցանկություն կա ծրագիրն ամբողջ տարվա ընթացքում իրականացնել»,-ընդգծում է Կաբակյանը:

Երբ երիտասարդները դիմում են ծրագրին մասնակցելու, ստիպված չեն մտածել, թե որտեղ են աշխատելու, քանի որ «Դեպի Հայք» հիմնադրամն է հոգում այդ հարցերի մասին. կամավորների համար աշխատանք են գտնում, հյուրընկալ ընտանիքներում ապրելու հնարավորություն տալիս, դասախոսություններ են անցկացնում նրանց համար, հայոց լեզվի ուսուցման դասընթացներ կազմակերպում: Կամավորներն են որոշում, թե Հայաստանի որ քաղաքներում են ուզում աշխատել, սակայն հիմնադրամի տնօրինությունը հորդորում է չսահմանափակվել Երևանով:

Վերադառնալով կամավորներին, որոնք բնակություն են հաստատել Հայաստանում, Կաբակյանը նշում է, որ նրանցից շատերը սիրել են Հայաստանում կյանքի ռիթմը, քանի որ այն երկրներում, որտեղ ծնվել են, անդադար վազքի մեջ են եղել, հաճախ չեն հասցրել տեսնել իրենց հարազատներին ու ընկերներին, իսկ Հայաստանում կյանքը բազմակողմանիորեն վայելելու հնարավորություն են ունենում: Ոմանց աշխատանքը Հայաստանում շարունակելու առաջարկ են անում այն ընկերությունները, որոնցում կամավոր են: Արդյունքում «Դեպի Հայք»-ը կամուրջ է դառնում Հայաստանի և սփյուռքի միջև:

Կամավորների 33 տոկոսը ԱՄՆ-ից է, կան մասնակիցներ ՌԴ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Կանադայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Արգենտինայից և այլ երկրներից: Հայաստանում հաստատվող կամավորների մեջ շատ են ֆրանսահայերը:

«Կան ծնողներ, ովքեր քաջալերում են իրենց զավակներին ու դեմ չեն, որ նրանք մշտական բնակություն հաստատեն Հայաստանում, կան ծնողներ, ովքեր փորձում են նրանց հետ պահել կայացրած որոշումից: Մեր կամավորները կամային բնավորություն ունեն. իրենց առօրյա կյանքը, համալսարանը, աշխատավայրը թողնում ու գալիս են Հայաստան:  Ամեն մեկը չի կարող այդպես վարվել, ուստի այն մարդիկ, ովքեր մասնակցում են ծրագրին, տոկուն են»,-շեշտում է Սևան Կաբակյանը:

Հիմնադրամի տնօրենը խոստովանում է՝ անգամ ռազմական ագրեսիայի պայմաններում ծրագիրը շարունակել է ակտիվ գործել, և կամավորների թիվը չի պակասել: Նրանք չեն ընկրկել և բաց չեն թողել Հայաստան գալու հնարավորությունը: «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը փոխանակ վաներ ծրագրից, հակառակը ավելի մեծացրեց մասնակիցների թիվը: Նրանցից շատերը կարծեցին, որ հենց նման ժամանակներում պետք է  մասնակցեն ծրագրին: 2022-ի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի ընթացքում ոչ մի կամավոր չի հեռացել երկրից: Այն մարդիկ, որոնք ծրագրել էին գալ Հայաստան, եկան: Օրերս Եռաբլուրում էինք... Մտածում եմ, որ զինվորները ոչ թե շնորհակալության կարիք ունեն, այլ ցանկանում են, որ մարդիկ շարունակեն իրենց գործը, և այդ գործի սահմանումը լայն է: Մենք կամավորներին ասում ենք, որ իրենք իրենց կարևոր առաքելությունն են կատարում Հայաստանում»,-հավաստիացնում է նա:

Ըստ Սևան Կաբակյանի՝ աշխատանքը գոհացնում է, բայց չի բավարարում. միշտ պետք է ավելին անել: «Մենք չենք մտածում՝ եթե գնացքը լավ է ընթանում, պետք է նույն թափով գնալ, կարծում ենք, որ կարելի է վագոն ավելացնել: Ուզում ենք հնարավորինս շատ կամավորների հյուրընկալել Հայաստանում, ուզում ենք  շրջանավարտների հետ ավելի շատ աշխատել, որ նրանց շահագրգռվածությունը, գործնական կապը Հայաստանի հետ ավելի ամրապնդվի: Արտերկրում ապրող հայերի կապը Հայաստանի հետ զգայական է. նրանք ցավում են Հայաստանի համար, մտահոգվում են, հոգում են, ուրախանում են, բայց դա սահմանափակում է: Եթե զգայականը չվերածվի գործնականի, ոչ մի արժեք չի ունենա, պետք է ներդրում ունենան երկրի շենացման գործում»,-շեշտում է նա:

Կամավորներից Սևան Բալիկցիյանը Հայաստան է եկել Նիդերլանդներից: Մինչ ծրագրին մասնակցելը, չորս անգամ եղել է հայրենիքում, եկել է հարազատներին այցելելու, որպես զբոսաշրջիկ ծանոթանալու Հայաստանին, սակայն միշտ ուզել է ավելի լավ ու բազմակողմանի ճանաչել իր հայրենի երկիրը: Սկսել է  ճանապարհներ փնտրել երկարաժամկետ այցելության համար և տեղեկացել է
«Դեպի Հայք»-ի մասին, որը հրաշալի փաթեթ է առաջարկել:

Այժմ աշխատում է «Գագարին» տարածքային զարգացման ծրագրի շրջանակում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք և այլ բնակավայրեր: Նպատակը համայնքային կառավարման նոր մոդելի մշակումն է, գյուղատնտեսության զարգացումը:

Նա մեկ ամիս է՝ Հայաստանում և խոստովանում է, որ հյուրընկալ ընտանիքում ապրելով՝ անընդհատ նոր բան է սովորում, տեսնում է, թե ինչպես է յուրաքանչյուր հայ հպարտանում Հայաստանով: «Մարդիկ շատ հուզառատ են ադրբեջանական ագրեսիայի պատճառով, բայց ցանկանում են երջանիկ լինել: Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը հրաշալի բնություն ու հետաքրքիր պատմություն ունի և միշտ գոյապայքարի մեջ է: Նախկինում եղել էի Խոր Վիրապում, Նորավանքում, Սևանում ու Դիլիջանում, իսկ այժմ հնարավորություն ունեմ ծանոթանալու այլ ուղղությունների ևս: Շատ եմ սիրել Գյումրին: Ցանկանում եմ հնարավորինս ավելին իմանալ Հայաստանի մասին և ճամփորդել, ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին, տարբեր շրջանների ավանդույթներին, երգ ու պարին»,-պատմում է Բալիկցիյանը:

Ծրագրի շրջանավարտ Նանոր Բալաբանյանը Հայաստան է եկել ԱՄՆ-ից: Ասում է՝ յուրաքանչյուր ամառ այցելել է հայրենիք, անգամ հիմնել է «Թաքնված ճանապարհ» հասարակական կազմակերպությունը: Հետո որոշել է ինքը կամավորական աշխատանք իրականացնել ու դիմել է «Դեպի Հայք» ծրագրին: «Հայաստանը շատ եմ սիրում ու շատ գոհ եմ, որ ձեռք բերեցի այս փորձը»,-նշում է նա ու հավելում, որ մշտական բնակություն է հաստատել հայրենիքում:

2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանում է եղել: «Այդ ժամանակ հասկացա, թե ինչու եմ եկել, հասկացա, որ պետք է իմ առաքելությունը կատարեմ կրթական ոլորտում: Ապաստարաններում դպրոցներ էի բացում: Այդքան տեղահանված երեխա տեսնելը դժվար էր, բայց պետք էր մնալ»,-շեշտում է նա: Այժմ իր հասարակական կազմակերպության միջոցով կրթաթոշակներ է գտնում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար, ֆինանսավորում են թրեյնինգների կազմակերպումը գյուղերում, ճամբարներ են կազմակերպում: «Մեր նպատակն է գյուղում ապրող երեխաներին հնարավորություն տալ կրթական նոր հմտություններ ձեռք բերել, ֆինանս գտնել բուհեր ընդունվելու համար»,-տեղեկացնում է Նանորը:

Նա սիրում է Հայաստանն ու տեղացիներին: Ասում է, որ ԱՄՆ-ում իրեն երբեմն մենակ էր զգում, իսկ Հայաստանում անգամ ամենադժվար պայմաններում մարդիկ կողք կողքի են:

«Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամը հիմնադրել է ամերիկահայ բարերար Էդիլ Հովնանյանը: Այն 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխատող 21+ մասնակիցներին առաջարկում են Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը  4 շաբաթ տևողությամբ կամավորություն:

 Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am