Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք․ա․ 6-5-րդ դարերին թվագրվող տաճարի կավե մանրակերտը՝ զոհաբերության ծեսի հիմնական բաղադրիչ

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. Ք․ա․ 6-5-րդ դարերին թվագրվող տաճարի կավե մանրակերտը՝ զոհաբերության ծեսի հիմնական բաղադրիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․ 6-5-րդ դարերին թվագրվող տաճարի կավե մանրակերտը հայտնաբերվել է «Աստղի բլուր» հուշարձանի պեղումների ժամանակ բացված տաճարային հատվածից։ Տաճարի մանրակերտը և նմանատիպ այլ իրերը, ըստ մասնագետների և այլ հուշարձաններից ստացված տվյալների համեմատության, օգտագործվել են զոհաբերության ծեսի մեջ․ հիմնականում այդ իրերի մեջ դրվում էր զոհաբերվող կենդանու արյան կաթիլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը նշեց, որ տաճարի մանրակերտը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել երկնքի-ամպրոպի աստծուն։ Այդպիսի եզրակացության հնարավոր է հանգել, քանի որ այստեղ առկա են ցլերի գլուխներ, որոնցով զարդարված են շինության դիմային հատվածները։ Հավանաբար, տաճարի նմանատիպ մանրակերտի հետ են համադրվել ամրոցի տաճարից գտնված բազմաթիվ հենակները, որոնք օգտագործվել են զոհաբերության ծեսում։

8D1A5461.JPG (457 KB)

««Աստղի բլուր» հուշարձանից հայտնաբերված մանրակերտը ամենայուրահատուկ իրն է, որը հենված է շրջանաձև պատվանդանի վրա: Տաճարը երկհարկանի է, երկթեք ճակտոնով: Առաջին հարկի պատերը ընդարձակ են, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե շինությունը քառակուսի է, չնայած որ ներսի հատվածում այն ուղղանկյուն է։ Առաջին հարկում՝ շինության ամբողջ լայնքով, առկա է ընդարձակ դուռ։

8D1A5535.JPG (380 KB)

Տաճարի մանրակերտը պատրաստված է ամենայն մանրամասնությամբ։ Շինության կտուրը զարդարված է թեք ակոսավոր գծերով, ինչը, հավանաբար, քարե աղյուսներով կամ բարակ տախտակներով ծածկելու իմիտացիա է։ Երկրորդ հարկի պատերի վրա առանձնացված են հատուկ հատվածներ, որոնք, ըստ երևույթին, պետք է պաշտպանեին առաջին հարկի պատերը՝ թույլ չտալով, որ հոսող անձրևաջրերը լցվեն այդտեղ։ Շինության ճակատային վերին հատվածը զարդարված է խիստ ոճավորված ցլերի գլուխներով»,- նշեց մասնագետը։

8D1A5425.JPG (423 KB)

Ամենայն հավանականությամբ մանրակերտը տեղադրելիս են եղել կաթսայի կամ ածուխով լցված օջախի վրա՝ ընդգծեց մասնագետը, հավելելով, որ, ըստ երևույթին, մանրակերտը չի դրվել կրակի վրա, քանի որ այն լավ թրծվել է, սակայն մրոտ հետքեր չեն պահպանվել։ Համապատասխան անցքից ամբողջ շինությունը լուսավորվել է ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ամենայն հավանականությամբ կրակը այստեղ ունի զուտ կիրառական նշանակություն, այսինքն՝ կիսախավար տարածության մեջ ծառայել է միայն լուսավորության համար։ Ինքը՝ շինությունը, տաճարի մանրակերտ է, որը ցուցադրվել է այնպես, ինչպես օրինակ՝ արձանները։

8D1A5581.JPG (426 KB)

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչի խոսքով՝ ճարտարապետական այս ոճը բնորոշ է ուրարտական կառուցողական արվեստին (Մուսասիր տաճար և այլն): Ուսումնասիրողների կարծիքով այս ոճն իր ազդեցությունն է թողել պարսկական և հունական ճարտարապետության վրա:

8D1A5561.JPG (437 KB)

8D1A5552.JPG (377 KB)

Հեղ.ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բարսեղյան

Օպերատորներ՝ՀովհաննեսՄկրտչյան, Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում