Հայտնի են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագրով մրցույթի հաղթողները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցանակաբաշխությամբ ամփոփվեցին Հայաստանում առաջին անգամ իրականացվող՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագրով նախագծի արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգող Աննա Մազմանյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորեց միջոցառումը՝ նշելով, որ Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:
«Ասեմ, որ շատ մեծ է այն լուման, որը ներդնում են կանայք, այս աշխատանքի մեջ և ընդհանրապես բոլոր ոլորտներում: Իմ կարծիքով կանայք պետք է լինեն այն շարժիչ ուժը, որը թույլ կտա մեր տղամարդկանց միշտ հաղթել, նրանց այժմ շատ անհրաժեշտ է մեր աջակցությունը, և ես կուզեմ, որ մենք լինենք այդ ուժը»,- ասաց նա:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ միջոցառումը հրաշալի հարթակ կդառնա փորձի փոխանակման, ծանոթությունների հաստատման ու նոր գաղափարների ստեղծման համար:
«Հայաստանն աշխարհի 197 երկրների հետ միասին 1994 թվականին միացել է Կլիմայի Փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվեցիային՝ պարտավորվելով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն ու իրականացնել միջոցառումներ կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ուղղությամբ: Եվ այս գործում անշուշտ կանանց դերը շատ մեծ ազդեցություն ունի»,- ասաց Նաթիա Նացվլիշվիլին:
Մրցանակաբաշխությանը մասնակցած 100 հայտերից հաղթող ճանաչվեցին 6 լավագույնները, որոնք պարգևատրվեցին հավաստագրերով և հատուկ մրցանակներով:
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աստղինե Պասոյանի ՝«ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» նախագիծը:
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում մրցանակի արժանացավ Նունե Սարուխանյանի «Ուսուցումներ» և « Ֆերմերային դաշտային դպրոցների ստեղծում» փոքր դրամաշնորհային նախագիծը:
«Կլիմայի խնդիրների լուսաբանում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անահիտ Թարխանյանի՝ «Կանաչ էներգիան՝ կայուն եթերի ուղեկից» նախագիծը:
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում մրցանակ հանձնեցին Հռիփսիմե Մկրտչյանին՝ «Աղբ չէ» ակցիաներ իրականացնելու համար:
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նունե Հարությունյան և կանայք թիմը՝ ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագրի «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության» նախագիծը:
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում մրցանակ ստացավ Դիանա Բադեյանը՝ «Ապագա առաջնորդների ծրագիր» նախագծի համար: