Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։
«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։ Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է գրառման մեջ:
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Նիդերլանդներում երեք ադրբեջանցի դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին` նրա էթնիկ պատկանելիության պատճառով. Նշվել է, որ կնոջ վիրատահությունը բարեհաջող ավարտվել է, իսկ հանցագործներին ձերբակալել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում