Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

3 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց այդ պահանջը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ նախարարությունը, որի դիմաց անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Որոշ ժամանակ անց ԱԳՆ-ի շենքի դիմաց լարված իրավիճակ էր առաջացել և հրմշտոց սկսվել, ինչից հետո ոստիկանությունը սկսել էր գործողություններ իրականացրել։ Բողոքի ակցիայի 26 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, հաղորդվել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիների և ոստիկանների մասին։

Ամփոփելով շարժման կողմից իրականացված գործողությունները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ շատ հետաքրքիր օր են ունեցել։

«Այսօր, որոշակի իմաստով, ծանր օր էր, բայց այդ ծանրությունը ոչինչ չի նշանակում։ Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքը` ճշմարտության համար»,-ասաց շարժման առաջնորդը՝ նկարագրելով բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցածը։ Նա ԱԳՆ-ում տեղի ունեցած բախման պատասխանատվությունը վերագրեց իշխանությանը։

«Ով ձեռքերը ծալած նստեց, նա խրամատում չէ։ Այո, ձեռք ծալել ու նստել չկա։ Դիմում եմ բոլոր քաղաքական կուսակցություններին, հանրային կազմակերպություններին, փոքր և մեծ խմբերին՝ ձեր քննարկումները, ստատուսները (հրապակարումներ սոցցանցերում- խմբ.) մի կողմ թողեք, լծվեք այս պայքարին։ Բոլորիդ նորից եմ հրավիրում»,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով, որ պայքարը շարունակվելու է։

Ներկայացնելով հունիսի 1-ին իրականացվելիք ծրագրերը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ շարժումը մեկնելու է Գյումրի։

«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որը շատ կարևոր է։ Քանի որ երեխաների միջազգային տոնն է, նաև այնտեղ երեխաներին եմ հանդիպելու և երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք ունենք Գյումրիում»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ շարժման ծրագիրը քայլ առ քայլ գնում է առաջ։

Հարթակից ելույթ ունեցան նաև փաստաբան Սերգեյ Հարությունյանը և թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Հավաքն ավարտեց համերգային ծրագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում