Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարը Հայաստանում ներկայացրեց «Երերույք» գիրքը

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարը Հայաստանում ներկայացրեց 
«Երերույք» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009-2016 թվականներին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ Երերույքում իրականացրած հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են արշավախմբի ղեկավար, Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս Պատրիկ Տոնապետյանի «Երերույք» գրքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերեն և ֆրանսերեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 3-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, որն աջակցել է աշխատության հրատարակմանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Ինչպես գիտեք, Ֆրանսիան միշտ սատարել է Հայաստանում հնագիտության ոլորտին: Երերույքի հնավայրում իրականացված հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար դեսպանությունն աջակցել է երկլեզու աշխատության հրատարակմանը: Բոլորիս հայտնի է հրաշալի հնավայրը, որը տպավորիչ է և առեղծվածային, իսկ աշխատությունը բացահայտում է Երերույքի յուրահատկությունները»,-նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս դեսպանությունն իրականացնում է երկու հնագիտական առաքելություն. մեկը կոչվում է «Կովկասը», մյուսը՝ «Էրեբունի»:

«Այս գիրքը գրված, խմբագրված է գիտական լրջությամբ: Արված է ամեն բան, որ այն լինի հանրամատչելի: Հակիրճ է, կարող է հետաքրքրել և՛ գիտնականներին, և՛ հանրության լայն շրջանակին: Գրքում բավականին հետաքրքիր բացահայտումներ կան, բայց ամենակարևորն այն հանգամանքն է, որ առաջին անգամ Հայաստանի միջնադարյան հնագիտության ուսումնասիրություններում լուրջ ուշադրություն ենք դարձրել մի միջնադարյան գերեզմանոցի  և հանգամանորեն ուսումնասիրել ենք այն:  Յոթ տասնյակ գերեզմաններ ենք բացել որտեղից ոսկորներ ենք վերցրել, ինչի հիման վրա թվագրումներ ենք կատարել»,-պատմեց Պատրիկ Տոնապետյանը:

Նա նշեց, որ հնավայրում իրենց արշավախումբն աշխատանքներն արդեն ավարտել է, բայց կարծում է՝ կլինեն այլ հնագետներ, որոնք դեռ անելիքներ շատ կունենան, քանի որ Երերույքը շատ մեծ է, հարուստ է առեղծվածներով:

Գրքի շնորհանդեսներ են նախատեսվում նաև Մարսելում և Փարիզում:

Անիի ավերակների մոտ գտնվող Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրը հայտնի է իր նշանավոր բազիլիկով: Ուսումնասիրությունը համադրական և ամբողջական ներկայացնում է  ընդարձակ համալիրի բաղադրիչներին ու  դրանց առնչվող հարցերը: Աշխատության համար հիմք են հանդիսացել 2009-2016 թվականներին Էքս-Մարսելի համալսարանի (Ֆրանսիա) հայ-ֆրանսիական հնագիտական արշավի կատարած  հետազոտությունները, որոնք  իրականացվել են գրքի հեղինակի ղեկավարությամբ: Ֆրանսերեն  բնագիրն ուղեկցվում է  հայերեն թարգմանությամբ:

Գրքի հրատարակությունը կոչված է նաև նպաստելու հնավայրի պահպանմանն ու արժևորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]