Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 3

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 3

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում 4-րդ անգամ հրապարակել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված հաղորդագրությունը մի քանի մասով:

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում։

69. «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։ Զեկույցում ներկայացված 6 ինդեքսներից 5-ում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը։

70. Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 հորիզոնականով։

71. Ըստ Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020 թվականի ցուցիչի՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրել սահմանված բոլոր 3 չափորոշիչներով՝ մասնավորապես, 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով՝ տնտեսական և 30 հորիզոնականով՝ կառավարման չափորոշիչներում: Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի մասով աշխարհում 34-րդն է, տնտեսական տրանսֆորմացիայով՝ 43-րդը և կառավարման ցուցիչով՝ 55-րդը:

72. «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նույն կառույցի կողմից հրապարակվող «Անցումային երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ վերջին 2 տարիներին Հայաստանը գրանցել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենամեծ երկամյա ցուցանիշը։

73. «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը համարվել է ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և 6 հորիզոնականով բարելավել իր դիրքերը՝ զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը։

74. «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը, 2018 թվականի վերլուծության համեմատ, բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։

75. Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և «Ազատության բարոմետր ինդեքսի» հեղինակների կողմից հրապարակված «Մարդու իրավունքների ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5․78 միավորից բարձրացրել է իր միավորը մինչև 6․10 և հայտնվել 37-րդ հորիզոնականում։

76. «Freedom Barometer 2019»-ի տվյալներով՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, իր դիրքերը բարելավել է 7.21 միավորով և, ստանալով 60.14 միավոր, 45 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-րդ հորիզոնականի փոխարեն։ Զեկույցում արձանագրված է, որ 2019 թվականին փոքրաթիվ երկրների է հաջողվել առաջընթաց արձանագրել օրենքի գերակայության ապահովման հարցում, և Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան դրա վառ օրինակներն են։

77. Ազգային ժողովի կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ընդլայնվել է հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, և դյուրացվել են մաքսային ընթացակարգերը։ Մասնավորապես, վերջին մեկ տարում Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներն ազատվում են մինչև 5000 եվրո արժողությամբ ներմուծած ապրանքների համար նախատեսված մաքսային վճարներից։ Եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 915 օր անձը բացակայել է Հայաստանից, ապա ազատվում է ներմուծած անձնական իրերի՝ հագուստ, կահույք, տեխնիկա և այլն, ինչպես նաև մեկ ավտոմեքենայի համար նախատեսված մաքսային վճարներից։

78. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 և 13000 անձի։

79. Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի։ Համապատասխանաբար շարունակում է նվազել ազատազրկված դատապարտյալների թիվը. 2017 թվականին այն կազմել է 1410, 2018 թվականին՝ 1148, իսկ 2019 թվականին՝ 1037 հոգի։

80. Հայաստանի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ փակից կիսափակ, իսկ 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում: Բացի այդ, 2020 թվականին պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ։

81. 2019 թվականից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկած սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու փորձնական ծրագիրն ունի 100 տոկոս ցուցանիշ: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մայիսից կներդրվի «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքում սննդով ապահովվում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ը: Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

82. Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Հանքերից 3-ը եղել են ոսկու, 1-ը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով, և զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86 միջնորդագիր՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։ Արդյունքում շուրջ 695 մլն դրամ ապառք է վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

83. 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։

84. 2019 թվականին արձանագրվել է 1863 բնապահպանական իրավախախտում, որը նախորդ տարվա համեմատ 71 տոկոս ավելի է, որոնց հիմքով հարուցվել է 1228 վարչական վարույթ, աճը՝ 13.6 տոկոս, վարչական տույժի է ենթարկվել 914 անձ՝ նախորդող տարվա 774-ի փոխարեն: 2019 թվականի ընթացքում վերահսկողական աշխատանքների շնորհիվ իրականացվել է 1358 վնասի հաշվարկ. հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2 մլրդ 658.7 մլն դրամի չափով վնաս, աճը՝ 64 տոկոս: 2019 թվականի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների փոխհատուցման մասով պետական բյուջե է մուտքագրվել 512.3 մլն դրամ գումար՝ 2018 թվականի 172.6 մլն դրամի և 2017 թվականի 63.7 մլն դրամի համեմատ:

85. 2019 թվականին Հայաստանում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքը անտառներ ավելի հազվադեպ կամ ավելի քիչ է դարձել։ Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում այստեղ տեսել են 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

86. 2019 թվականի ընթացքում 160 հա տարածքի վրա տնկվել է մոտ 500000 հատ ծառ։

87. 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը:

88. Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով:

89. 2019 թվականի հունիսից՝ թվով 5 քաղաքացիական կազմակերպությունների կողմից զորամասերի ճնշող մեծամասնությունում, 2020 թվականի մայիսի 1-ից՝ նաև մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի 54 տոկոսում իրականացվում է սննդի մատուցման ծառայություն: Նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների շուրջ 80 տոկոսը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել Զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը:

90. Հայաստանի տարածքում 350 կմ և ավելի հեռավորությամբ արձակուրդ մեկնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերն ավելացվել են։ Կառավարության համապատասխան որոշումը տարածվում է նաև Ոստիկանության զորքերի և Ազգային անվտանգության ծառայողների վրա։

91. 2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018 թվականին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս: 2019 թվականին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 45.7 տոկոսով: Հատկանշական է, որ 2018-2019 թվականներին քննված քրեական գործերի շրջանակում բացահայտված, պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 190.7 մլրդ դրամ, ինչն ավելի քան 5.2 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին հայտնաբերված վնասի չափը՝ միասին վերցրած, որը կազմում է 36.5 մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2 մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90 տոկոսով:

92. Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ, մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում։

93. Ազգային ժողովը հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը: Օրենքը թույլ է տալիս այնպիսի գույքի բռնագանձում, որի ձեռքբերումը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով։ Օրենքը տարածվելու է միայն քաղաքական գործիչների և գործարարների չհաշվառված գույքի վրա, և ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Գլխավոր դատախազության կազմում գործելու է նոր իրավասու մարմին, որը թույլ կտա ակտիվների ուսումնասիրություն իրականացնել և պետության օգտին բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը:

94. Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, օրենքով ներդրվել են բարեվարքության ստուգման և հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ։ Նոր ձևանմուշները ներառելու են որակական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ, մասնավորապես՝ պաշտոնյաները ներկայացնելու են ոչ միայն այդ պահին ունեցած գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, այլ նաև այդ գույքի վերաբերյալ տվյալներ են հավաքվելու ամբողջ տարվա ընթացքում՝ ցանկացած գործարքի դեպքում: Անձն իր դրամական միջոցների ծագման աղբյուրների մասին ևս տեղեկատվություն պետք է ներկայացնի, ինչը նախկինում բացակայել է:

95. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանվել է չափագիտական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս նախապես 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը, ինչի արդյունքում կտրուկ ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը։ Այս փոփոխության արդյունքում նվազել են թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքները։ Այժմ տարվում են աշխատանքներ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ առաջիկայում հնարավոր կլինի հասնել խախտումների բացառման, իսկ, այնուամենայնիվ, խախտումների արձանագրման դեպքում նախատեսվում է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը։

96. Ի կատարումն կառավարության որդեգրած՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու քաղաքականության՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանության բաժնի և բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել:

97. Համավարակը կանխելու պահանջներից ելնելով՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ավանդական երթի փոխարեն կազմակերպվեց վիրտուալ «Հիշողության երթ», որը քաղաքակրթական և մշակութային նոր նշաձող սահմանեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի արարողակարգում:

98. Հայաստանի ոստիկանության 2020 թվականի կարիքների համար հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսվել է 1.4 մլրդ դրամ՝ նախատեսված գումարի ավելի քան 20 տոկոսի չափով: Վառելիքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կազմակերպչական միջոցառումների արդյունքում 2020 թվականի ընթացքում հաջողվել է տնտեսել 86520 լիտր վառելիք: 2020 թվականի մայիսից ներդրվել է օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային ոստիկանների և այլ ծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համակարգը։ Լրացուցիչ հատկացված միջոցների հաշվին 2020 թվականի մայիսից ամբողջությամբ ապահովվելու է ոստիկանության զորքերի շարքային կազմի, պայմանագրային զինծառայողների բնակվարձերի փոխհատուցում։

99. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ:

100. Կառավարությունն ընդունել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝

ա) 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքները այս տարվա հուլիսի 1-ից հետո մինչև 30 մլն դրամ արժեքով բնակարան ձեռք բերելու պարագայում կստանան միանվագ աջակցություն՝ բնակարանի գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: 3-րդ և ամեն հաջորդ երեխայի պարագայում բնակարանի գնի շեմը բարձրանում է 5 մլն դրամով, իսկ միանվագ դրամական օգնությունը կարող է հասնել մինչև 2 մլն դրամի:

բ) առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովագրության ծրագրից: Դրամական աջակցության չափը կազմում է կանխավճարի ապահովագրության 90 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 180.000 դրամը:

գ) Ծրագրից կարող է օգտվել հուլիսի 1-ից հետո երեխա ունեցող ընտանիքը, եթե առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ:

Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500.000 դրամը:

Եթե ծնված երեխան ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխան է,աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը:

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա աջակցության չափը ավելի է հաշվարկվում շուրջ 50 տոկոսով, այսինքն՝ եթե պիտի 1 մլն դրամ աջակցություն ստանար, կստանա 1.5 մլն դրամ, եթե պիտի 2 մլն դրամ ստանար, կստանա 3 մլն դրամ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ