Հասարակական

Երևանի բնակարաններից մեկում 60 գրամ զարդեր գողանալու համար երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել

3 րոպեի ընթերցում

Երևանի բնակարաններից մեկում 60 գրամ զարդեր գողանալու համար երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018 թվականի հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում կատարված գողության վերաբերյալ: Պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և հափշտակել շուրջ 60 գրամ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ` ծնված 1987 և 1989 թվականներին:

Քրեական գործով իրականացված օբյեկտիվ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի երկու բնակիչների մասնակցությամբ կատարվել են նաև այլ հափշտակություններ։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4, գողության փորձի 2 և կողոպուտի 1 դեպք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ), 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, իսկ 1987թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում