Հասարակական

Հայաստանի առեւտրարադյունաբերական պալատը դատապարտում է ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու եւ ազատ արձակելու որոշումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը դատապարտել է ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ներում շնորհելու ադրբեջանա-հունգարական համագործակցված քայլերը: «Արմենպրես»-ին հաղորդմամբ` հայտարարության մեջ նշվում է.

«Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունը, կենտրոնական ու մարզային պալատների աշխատակազմերը, Պալատներին անդամակցող ավելի քան երեք հազար փոքր ու միջին ձեռնարկությունների կոլեկտիվները, արտասահմանյան ներկայացուցչությունները վրդովմունքով, զարմանքով և խոր հիասթափությամբ ընդունեցին Եվրամիության անդամ Հունգարիայի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ ազգային ատելության հողի վրա կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ոճրագործին Ադրբեջանին փոխանցելու հրեշավոր որոշումը: Ինչպես և սպասվում էր, ու այդ մասին քաջատեղյակ էին Հունգարիայի իշխանությունները, մարդասպանը Ադրբեջանի նախագահի կողմից արժանացավ ներման և հերոսացման: Համաշխարհային պատմությունը՝ ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության գլուխն իրեն նույնացնում է մարդասպանի հետ: Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիևն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլ նաև առողջ բանականությանը և քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին:

Այն, որ Ադրբեջանում տևական ժամանակ որպես պետական քաղաքականության գերակա խնդիր է դիտվում հայատյացությունն ու ֆաշիզմը, բոլորին է հայտնի, բայց որ Եվրամիության անդամ, պետության մեջ էլ ինչ-ինչ նյութական շահագրգռվածությունների ակնկալիքով արդարությունը ստորադասվում է փողին, առավել վրդովեցուցիչ ու աններելի է: Սաֆարովը փաստորեն դարձավ համամարդկային արժեքներ դավանող եվրոպական պետության ամոթն ու խարանը: Իլհամ Ալիևը, Հունգարիայի ուխտադրուժ մեղսակցությամբ Բաքու վերադարձնելով մարդասպանին ու նրան հերոսացնելով, հերթական անգամ ցույց տվեց աշխարհին, որ ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչակումը և ԼՂՀ-ի կայացումն այլընտրանք չունեն:

Այնուամենայնիվ, մեզ չի կարող չզայրացնել նաև Հունգարիայի ներկա իշխանությունների պահվածքը: Վերջիններս միթե չգիտեն սեփական ժողովրդի պատմությունը, որի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում հերոսացել են բազմաթիվ հայեր, որոնցից Հունգարիայի ազգային հերոսներ են հռչակվել օսմանյան կայսրության դեմ հերոսական պայքար մղած հայազգի զորավարներ Էռնե Կիշը, Վիլմոշ Լազարն ու Յանոշ Ցեցը, նախարարական կարևորագույն պորտֆելների արժանացել Էրնեստ Դանիելը, Լասլո Լուկաչը, Գեորգ Լուկաչը:

Հայտնի է, որ այսօր Հունգարիայի տնտեսության վիճակը նախանձելի չէ, սակայն անընդունելի է սեփական խնդիրների լուծումը քաղաքակիրթ ողջ աշխարհի արհամարհանքին ու դատապարտմանն արժանացած անբարոյական քայլի միջոցով:

Մենք երիցս դատապարտում ենք Հունգարիայի իշխանությունների անարդար որոշումը և ակնկալում, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ինչպես նաև բարեկամ հունգար ժողովուրդը կասեն իրենց վճռական խոսքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում