Մշակույթ

Օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը հայկական թեմայով երկու նախագիծ է պատրաստում. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

14 րոպեի ընթերցում

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի ֆիլմերն «Օսկար»-ի, Կաննի,  «Ոսկե գլոբուս»-ի և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր են։ Օհանյանը ստեղծում է բազմաժանր կինոնկարներ՝ խոսելով անհատի, տարբեր համայնքների խնդիրների մասին. չի մոռանում անդրադառնալ նաև հայերին։ Պրոդյուսերը խոստովանում է՝ ցանկանում է բարձր տեղ զբաղեցնել ամերիկյան կինոարվեստում՝ հայկական թեմաներով արժեքավոր ֆիլմեր նկարահանելու համար։

2026-ին Սև Օհանյանին մեծ հաջողություն բերեց «Մեղսավորները» ֆիլմը, որը մի շարք մրցանակներից զատ արժանացավ  չորս «Օսկար»-ի։

«Արմենպրես»-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել պրոդյուսերի հետ։ Զրուցակիցները խոսել են օսկարակիր ֆիլմի, Օհանյանի անցած ճանապարհի և կինոարվեստի նրբությունների մասին։

-Բարի լույս, պարոն Օհանյան, ինչպե՞ս եք։

-Շատ լավ եմ։ Դուք ինչպե՞ս եք։

-Շատ լավ, քանի որ հաջողվեց կապ հաստատել Ձեզ հետ։ Ինչպե՞ս է անցնում ԱՄՆ-ում ապրող օսկարակիր պրոդյուսերի օրը։

-Ես ու կինս՝ Նատալին, երեքամյա որդի ունենք, որի անունն Արեն է։ Վերջին ամիսներին նաև շաբաթ և կիրակի օրերին եմ շատ զբաղված եղել. մինչ «Օսկար»-ը մասնակցել եմ տարբեր մրցանակաբաշխությունների, ֆիլմի տարածմանն ուղղված միջոցառումների և քիչ եմ եղել տանը։ Երեկ ժամանակ գտա և երեխային տարա այգի, իսկ այսօր արդեն այցելել եմ ծնողներիս, օգնել եմ նրանց որոշ հարցերում և այլն։

-Փաստորեն Ձեզ հաջողվում է ընտանիքի լավ հայր, լավ ամուսին և լավ մասնագետ լինել։

-Փորձում եմ։

-Վերջին շաբաթներին սրտատրոփ սպասում էինք կինոարվեստի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկին՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, որին Ձեր Sinners «Մեղսավորները» ֆիլմը ներկայացված էր ռեկորդային 16 անվանակարգում։ Հաղթեցիք 4 անվանակարգում, ինչի առթիվ շնորհավորում եմ։ Հայաստանում ևս հպարտանում են ձեզնով և մեծ սպասելիքներ ունեն։

-Շնորհակալ եմ։

-Ստեղծագործողները հաճախ են ասում, որ մեծ հաղթանակներից հետո երբեմն դատարկության զգացողություն է առաջանում։ Ձեր պարագայում ինչպե՞ս է։

-Մենք շատ նպատակներ ունենք, շատ աշխատանք կա անելու և զբաղված ենք։  Հեռուստատեսային նախագծեր ենք իրականացնում Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր։ Շատ ժամանակ չենք ունենում մտածելու մրցանակների մասին, բայց շատ ուրախ եմ, որովհետև մեր ֆիլմը  սիրվել է, ամբողջ աշխարհում դիտվել է։ Մեզ համար դա մեծ հաղթանակ է։ Կարևորում ենք հատկապես Օթըմ Դյուրալդի հաղթանակը «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում. նա միակ կին կինոգործիչն է, որ մրցանակի է արժանանում այդ անվանակարգում։ Ռայանի, Մայքլի, Լյուդվիգի հաղթանակները ևս մեծ նշանակություն ունեն բոլորիս համար։ Այդ օրը հաղթանակը նշել ենք մինչև լուսաբաց։

-Իսկ սպասո՞ւմ էիք, որ հենց «Լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում կհաղթեք։ Գուցե այլ ակնկալիքներ կային։

-Մինչ մրցանակաբաշխությունը կարծում էինք, որ «Պայքարը պայքարից հետո» ֆիլմը կարող է հաղթել, բայց չէինք մտածում հաղթելու կամ պարտվելու մասին։ Իրականում մրցանակների համար չենք կինո ստեղծում, պարզապես սիրում ենք այդ աշխատանքն ու ցանկանում ենք ավելի շատ նման ֆիլմեր նկարահանել, որոնք առնչություն կունենան տարբեր մշակույթների հետ։ Տարբեր անվանակարգերում մրցանակներն էլ կարող են յուրովի օգնել և՛ սևերի, և՛ հայ ընտանիքների մասին նոր ֆիլմերի ստեղծմանը։

-Մեծ հաճույքով եմ դիտել «Մեղսավորները», որի գործողություններն արագ են զարգանում, անսպասելի են։ Նկատեցի, որ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը երաժշտությունն է։ Ինչո՞ւ եք ֆիլմը կառուցել հենց բլյուզի շուրջ։

-Իմ գործընկեր, ֆիլմի ռեժիսոր Ռայան Քուգլերի ընտանիքի անդամները սևական ամերիկացիներ են, որոնց համար այդ երաժշտությունը շատ կարևոր է, բացի այդ փոփը, ռոքը, ռոքնռոլը և երաժշտության մի շարք այլ ուղղություններ ծնվել են բլյուզից։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ հերոսը նվագում է ու տեսնում է իր նախնիներին, բարեկամներին։ Ֆիլմը ստեղծելիս հույս ունեինք, որ անգամ շատ տարիներ հետո այն դիտելիս մարդիկ կհասկանան, որ արվեստը, երաժշտությունը միավորող հատկություն ունեն։

-Ինչպես ֆիլմի նախաբանում է ասվում երաժշտությունը ջնջում է սահմանները կյանքի և մահվան, ներկայի ու անցյալի միջև։

Ռայան Քուգլերի հետ վաղուց եք համագործակցում։ «Մեղսավորները» կինոնկարից զատ մի շարք այլ ֆիլմեր եք նկարահանել։ Որպես պրոդյուսեր և ռեժիսոր ձեր ցանկությունները մի՞շտ են համընկնում։

-Իմ առաջին ֆիլմը կոչվում է My Big Fat Armenian Family (Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը)։ Արձակուրդների ընթացքում միավորեցի ընկերներիս, հարազատներիս ուժերն ու հորս տեսախցիկով նկարահանեցի այն։ Ֆիլմը փոքր մասերից էր բաղկացած, հետո մի ամբողջական կինոնկար դարձրի։ Ութ հարյուր դոլար եմ ծախսել ֆիլմի վրա։ Որոշեցի այն ցուցադրել Գլենդելի դպրոցում։ Չէի սպասում, որ հազարից ավելի մարդ կվճարի ու կցանկանա դիտել իմ ֆիլմը, իսկ երբ ընդունվեցի Հարավային Կալիֆոռնիայի կինոարվեստի դպրոց, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ուսանողներ կային, և միակ հայը ես էի, ամաչում էի ֆիլմը ցուցադրել. կարծում էի, որ չեն հասկանա, հատկապես որ հայերեն է։ Միակ մարդը, որ ուզեց դիտել ֆիլմը, Ռայան Քուգլերն էր։ Նա ոչ միայն հասկացավ այն, այլև սիրեց՝ նշելով, որ շատ բան հիշեցնում է իր ընտանիքի անդամներին ու բարեկամներին։ Նա փաստեց, որ մենք տարբեր ազգերի, ընտանիքների ներկայացուցիչներ ենք, բայց շատ ընդհանրություններ ունենք։ Համալսարանն ավարտելուց հետո սկսվեց մեր համագործակցությունը։ Շուրջ 15 տարի աշխատում ենք և դեռ շատ ծրագրեր ունենք։ Ռայանը միշտ ասում է, որ պետք է հայկական թեմայով ֆիլմ նկարահանենք, TV show, որի շուրջ արդեն աշխատում ենք։  Իմ նպատակներից առաջինն էր ամերիկյան կինոարվեստում այնպիսի տեղ զբաղեցնել, որը հնարավորություն կտա հետագայում մեր պատմությունները ներկայացնել։ Հույս ունենք, որ առաջիկայում դա հնարավոր կլինի։

-Հայոց պատմությունը հարուստ է հետաքրքիր իրադարձություններով. կա՞ մի էջ, մի դրվագ, որին հնարավոր է ֆիլմով անդրադառնաք։

-Երկու նախագիծ ունենք, որոնց մասին այժմ չեմ կարող շատ խոսել։ Ֆիլմերից մեկը պատմում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հերոսների մասին։ Կերպարներից մեկը Լատինական Ամերիկայից է, մյուսը՝ Աֆրիկայից, Ասիայից, Հայաստանից։ Այն գործողություններով հարուստ, արկածային կինոնկար է լինելու։ Կարծում եմ՝ ֆիլմը դիտելիս մարդիկ կմտածեն, թե որքան քաջ է, խելացի է հայ կինը։ Նրա կերպարը հնարավորություն կտա ճանաչել մեզ։ Մյուս նախագիծն էլ սերիալ է  ԱՄՆ-ում ապրող հայերի մասին։

-Հույս ունեմ, որ կհաջողեք։ Վերադառնանք «Մեղսավորները» ֆիլմին։ Կինոնկարում  Մայքլ Բի Ջորդանը երկու կերպարում է։ Թվում է՝ բարդ նկարահանումներ են իրականացվել։ Ֆիլմում կա՞ հատված, որը շատ դժվարությամբ է Ձեզ տրվել, որը ստանալու համար շատ եք չարչարվել։

-Մի տեսարան կա, որում վամպիրները պարում են։ Որոշել էինք մեկ գիշերվա ընթացքում նկարահանել այն։ Աշխատել ենք մինչև արևածագ. դժվար օրեր շատ են եղել։ Մայքլը հրաշալի է աշխատել և իսկապես արժանի էր «Օսկար»-ի։ Երկվորյակ եղբայրներից մեկը, (երկուսին էլ Մայքլ Բի Ջորդանն է մարմնավորում) փոքր կոշիկ էր հագնում, մյուսը՝ մեծ։ Նման բաներ էինք մտածել, որ ամեն ինչ ավելի համոզիչ լինի։

-Ասացիք, որ շատ եք ցանկացել Ձեր տեղն ունենալ կինոարվեստում՝ մեր մասին պատմելու համար։ Ձեր հաջողված ֆիլմերից են նաև «Ֆրութվեյլ կայարան»-ը, «Հուդան և սև մեսիան», որոնք Կաննի և այլ հեղինակավոր կինոփառատոններում մրցանակների են արժանացել։ Այդ ճանապարհը հե՞շտ է տրվել։ Փաստենք, որ ֆիլմերը նաև եկամտաբեր էին։

-Սկզբում դժվար էր։ Իմ կինը՝ Նատալին, ևս պրոդյուսեր է։ Նրա հետ նույնպես աշխատում եմ։ Մի ֆիլմ ունենք, որը կոչվում է Searching։ Ֆիլմի բյուջեն 800 հազար դոլար էր, բայց 75 մլն դոլար գումար բերեց և մեծ հաջողություն ունեցավ։ Նման աշխատանքները բարձրացնում են մեր հեղինակությունն ու թույլ տալիս հեշտությամբ իրականացնել մեր այլ նախագծերը։ Հիմա շատ դժվար է հայկական թեմայով որևէ ֆիլմ ստեղծելը։ Քսանհինգ տարվա ընթացքում ԱՄՆ-ում հայկական թեմայով նկարահանված որևէ կինոնկար գումար չի բերել, եթե անգամ այն լավն է եղել, ինչպես «Խոստումը»։ Քսան տարի առաջ Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ»-ը, որը ևս մեծ գումարներ չբերեց։ Այն ստուդիաները, որոնք ֆիլմերի համար գումար են հատկացում,  ամեն բան հաշվի են առնում։ Նրանք փորձում են հասկանալ, թե հայկական թեմայով այլ ֆիլմերը որքան գումար են բերել՝ ներդրում անելու համար։ Ուստի պետք է կամաց-կամաց դա անել, որպեսզի գա ճիշտ ժամանակը և մեզ հեշտությամբ գումար տրամադրեն։

-Հիշում եմ՝ նախորդ տարի որքան ուրախացանք, երբ ոչ հայկական ֆիլմում հանդիպեցինք հայ դերասաններ Կարեն Կարագուլյանին և Վաչե Թովմասյանին։ Այս տարի Ձեր անունը հնչեց։

Ձեր ծնողները Պարսկաստանից են, Դուք ծնվել եք Գերմանիայում, մեծացել եք ԱՄՆ-ում։ Հայկական ընտանիքին նվիրված Ձեր ֆիլմում ընդգծված են հարգանքը միմյանց նկատմամբ, հոգատարությունը։ Ի՞նչ հայկական ավանդույթներ կան, որոնք շարունակություն են ստացել Ձեր նորաստեղծ ընտանիքում։

-Մեր տանը հայերեն ենք խոսում. ես Պարսկաստանի հայերենով եմ խոսում, կինս՝ արևմտահայերեն։ Մեր տղային ընդունել ենք հայկական դպրոց։ Ցանկանում եմ՝ միշտ հայերով շրջապատված լինենք։ Ասեմ, որ հայկական ճաշարաններ ենք հաճախ գնում, ինչից լավ բան չկա։

-Գլոբալիզացիայի պայմաններում մենք ևս փորձում ենք հենց մեր երկրում պահպանել որոշ ավանդույթներ։ Պարոն Օհանյան, ասում են՝ կինոն լուրջ ռազմավարական զենք է, սակայն վերջին տարիներին ժամանցի է վերածվել։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր այն պետք է լուծի։

-Ես, մայրս, հայրս էմիգրանտներ ենք։ Մեր շատ բարեկամներ ևս եկել են ԱՄՆ։ Սկզբում գումար չունեինք, բայց կարողացել ենք կամաց-կամաց առաջ գնալ։ Կարծում եմ՝ Ամերիկայում հիմա էմիգրանտների հետ կապված լուրջ խնդիր կա, որի մասին շատերը չեն խոսում։ Թվում է՝ հիմա ԱՄՆ-ն չի սիրում իր էմիգրանտներին։ Դա սխալ է։ Եթե հնարավոր լինի, մի ֆիլմ կնկարահանեմ այն մասին, որ օտար երկրից գալիս են ԱՄՆ, այդ երկիրն ավելի լավն են դարձնում։ Աշխարհում  կռիվ է. ինչքան կարող ենք պետք է դիտենք ֆիլմեր, որոնցում միասնական ենք, որոնք կոչ են անում միմյանց հետ հաշտ լինել։ «Մեղսավորները» մի քիչ այդ մասին է. ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք մի քիչ տարբեր են սպիտակ ամերիկացիներից, ևս  լավն են, աշխատասեր են, սիրում են, սիրվում են։

-Հետևո՞ւմ եք հայաստանյան կինոյին։

-Մի քիչ հետևում եմ։

-Մտածե՞լ եք հայ դերասանների հետ որևէ ֆիլմի շուրջ աշխատելու մասին։ 

-Կարենին, Վաչեին «Անորա» ֆիլմից շատ եմ սիրում, Անժելա Սարաֆյանը լավ դերասանուհի է, Էրիկ Բոգոսյանը։  Հայ ռեժիսորներից Գոռ Կիրակոսյանը զվարճալի ֆիլմեր է նկարահանում։ Երբ նա ինձ ցույց է տալիս իր ֆիլմերը, ես չեմ հավատում, որ կարողանում է նման միջոցներով նման ֆիլմեր նկարահանել։ Երբ հնարավոր լինի գալ Հայաստան, կծանոթանամ այլ կինոարտադրողների  հետ։

-Հույս ունեմ, որ շուտով կայցելեք Հայաստան, առիթ կլինի հանդիպել Ձեզ հետ, ինչու չէ՝ վարպետության դասեր ունենալ, որովհետև ուսանողները, կինոյով հետաքրքրվողները դրա կարիքն ունեն։

-2016-ին մի քանի շաբաթ դասեր եմ տվել ԹՈՒՄՈ-ում։ Աշակերտները շատ խելացի էին։ Այդ ժամանակ նաև դասավանդում էի ԱՄՆ-ում։ Իմ քսան տարեկան աշակերտներին այդ 16-ամյա պատանիները չէին զիջում։ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան։  Ես և կինս Հայ կրթական հիմնարկության հետ մի կրթաթոշակ ենք սահմանել. ամեն տարի Հայաստանում մի աշակերտի չորս տարվա քոլեջի ծախսը հոգում ենք։ Ցանկանում ենք հայերի տաղանդը մնա Հայաստանում։

-Ձեզ գեղեցիկ օր եմ մաղթում, պարոն Օհանյան։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք մեզ, «Արմենպրես»-ին։ Մինչ հանդիպում։

-Շնորհակալ եմ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում