Լիբանանի նախագահը վերստին չեղարկել Է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ
2 րոպեի ընթերցում
![Լիբանանի նախագահը վերստին չեղարկել Է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/998981.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել Է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ: Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հեռախոսազրույց Է ունեցել նախագահ Միշել Աունի հետ եւ խնդրել՝ հետաձգել խորհրդարանական կոնսուլտացիաները կառավարության ձեւավորման հարցերի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար: Նախագահը դրականորեն Է արձագանքել Հարիրիի խնդրանքին եւ որոշում Է ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ը»,-ասված Է հայտարարության մեջ:
Խորհրդարանականների հետ նախագահի առաջին կոնսուլտացիաները պետք Է կայանային դեկտեմբերի 7-ին, սակայն դրա նախորդ օրը քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված թեկնածուն առաջարկվող պաշտոնից հրաժարվեց Հարիրիի օգտին:
Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չդադարեցին: Տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում Է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել Է, որ պետությունը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: