Քաղաքականություն

ԼՂ խնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

 ԼՂ խնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ ներկայացվել է: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ: Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները կամ մեկնաբանությունները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած այն մտքին, թե հասկանալի չէ՝ որն է Հայաստանի համար անվտանգություն հասկացությունը, նշեց, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է:

«Ադրբեջանը երեք տասնամյակից ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում