Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին ծրագրված չէ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին ծրագրված չէ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին ծրագրված չէ, նախապատրաստվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակություն՝ առաջիկա ամիսներին: Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ԱԳՆ Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

«Կենտրոնացած ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակման վրա, որը հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ օրակարգը վերաբերում է՝ թե բուն խաղաղ կարգավորման անմիջական հարցերին, թե միջավայրին, որի շրջանակում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը: «Եղել է ղեկավարների շփում Աշխաբադում, որը կարևոր էր այն առումով, որ հնարավոր է եղել վերահաստատել կողմերի որոշ մոտեցումներ, սկզբունքներ, որոնք վերաբերում են նաև խաղաղությանը նպաստող միջավայրին»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 11-ին կայացած շփմանը:

Նախարարը մասնավորեցրեց՝ դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների վրա աշխատանք չի կատարվում: «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարելի է կառուցել կողմերի միջև պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը: 27 տարվա ընթացքում եղել են տարբեր գաղափարներ, տարբեր փաստաթղթեր, վերջինը եղել է Կազանի փաստաթուղթը: ՀՀ վարչապետը շատ լավ և շատ հստակ տիրապետում է ԼՂ խնդրին, և նա փորձում է էլ ավելի յուրացնել տարբեր նրբություններ»,-հստակեցրեց նախարար Մնացականյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում