Ինովացիա

Հայաստանը կարող է բլոկչեյն համաշխարհային հեղափոխության մաս դառնալ. Հենրի Արսլանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է բլոկչեյն համաշխարհային հեղափոխության մաս դառնալ. Հենրի Արսլանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա ասաց ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի մեկնարկին:

«Աշխարհի չորս կողմում այսօր բլոկչեյնի հեղափոխություն է տեղի ունենում: Այդ հոսանքը հասնում է նաև Հայաստան, որն ունի ստարտափի էկոհամակարգ, զարգացող քաղաքացիական հասարակություն, բանկային համակարգ, որին վստահում է, և աշխատասիրություն: Այս բոլոր գործոնները շատ կարևոր են բլոկչեյնի զարգացման համար»,-նշեց Արսլանյանը:

Նրա խոսքով`դա նման է ճաշ եփելուն. էական են բոլոր բաղադրիչները: «Անհրաժեշտ է ճիշտ համեմունքներ օգտագործել, որպեսզի ճաշը համեղ ստացվի: Հայաստանն այդ հեռանկարն ունի»,-շեշտեց նա:

Ասոցիացիայի նախագահն ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներ օրենքներ են սահմանում կապված բլոկչեյնի հետ, քանի որ ամեն ընկերություն ցանկանում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր առաջադիմել այդ տեխնոլոգիաները կիրառելով: «Մենք տեսնում ենք, որ ավանդական ֆինանսական ընկերությունները նույնպես ներխուժում են բլոկչեյնի աշխարհ: Մեծ բանկերը սկսեցին կամաց-կամաց ոչ միայն բլոկչեյնի, այլև կրիպտոարժույթի հետ կապված փորձարկումներ անել, ինչը կարևոր է համաշխարհային կրիպտոէկոհամակարգի համար: Այդպես հին ֆինանսական ընկերությունները ոլորտում փորձ են ձեռք բերում»,-նշեց Արսլանյանը:

Անդրադառնալով բլոկչեյնի առավելություններից ճիշտ օգտվելուն`նա կարևորեց կրթության դերը, ոլորտում օրենքների մշակումը:

«Անհրաժեշտ է համարձակ լինել: Երբ առաջ եկավ համակարգիչը, մարդիկ վախեցան: Հասարակությունը հիմնականում վերապահումներով է մոտենում նորագույն տեխնոլոգիաներին, և դա բնական է, բայց պետք է չվախենալ ու հասկանալ, թե ինչպես է հնարավոր նորարարությունները գործածել ոչ միայն ֆինանսական աշխարհում, այլև ամենօրյա կյանքում»,-եզրափակեց Հենրի Արսլանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում