Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորությամբ գերմանացի գիտնականների խումբը Հայաստան է ժամանել հայ գործընկերների հետ առկա գիտական համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է.«Ձեր այցը և պատվիրակության մեծությունը վկայում են, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Դուք կարող եք լիովին համոզված լինել, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է ամբողջությամբ աջակցել, որ համագործակցությունն ավելի խորը և արդյունավետ լինի»:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը տեղեկացրել է այցի արդյունքների մասին՝ նշելով, որ երեկ արդեն գիտական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ համապատասխանաբար Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ:«Կարծում ենք, որ կարող ենք ընդլայնել այս համագործակցությունը: Կան նոր ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն սկսել»,-ասել է նա՝ մասնավորապես առանձնացնելով մեծ ծավալի տվյալների կառավարումը, որը ժամանակակից մարտահրավերներից մեկն է: Նա նշել է, որ համագործակցությունը գիտականից բացի նաև կրթական բաղադրիչ ունի, և հայ գործընկերների հետ պայմանավորվածություն կա իրականացնել գիտնականների փոխանակման, վերապատրաստման ծրագրեր:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ներկայացուցիչներն իրենց հերթին նույնպես տեղեկություններ են ներկայացրել համագործակցության ուղղությունների մասին:

Հանրապետության նախագահը մեծ նվաճում է համարել գերմանական և հայկական գիտահետազոտական կենտրոնների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները:«Սա համագործակցության նոր ուղի է բացում՝ հասկանալու, թե նոր աշխարհում ինչպես պետք է կառավարել մեծ տվյալները, ինչ տեսակի մաթեմատիկական հաշվարկ պետք է օգտագործել դրա համար: Այն իսկապես կարող է լինել հաջորդ տարիներին համագործակցության ուղղություններից մեկը,-նշել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով նաև կրթական բաղադրիչը:- Հայաստանում ծավալած յուրաքանչյուր գործունեություն պետք է երկու կողմ ունենա: Մեկը հետազոտությունն է, իսկ մյուսը պետք է լինի կրթությունը: Դրանք պետք է փոխլրացնեն իրար»:

Նախագահը հաջողություն է մաղթել հայ և գերմանացի գիտնականներին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց նախաձեռնությունների իրականացմանը:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը