COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարները քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։
Նախարարներն անդրադարձել են կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը։