Հայաստան

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Հայաստանը և Կիպրոսը կարևորում են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը՝  հատկապես տնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել  են  ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից՝ նշելով, որ այս հարցերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Մանավազյանի և  Հայաստանում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսի հանդիպմանը ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Հակոբյանը և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը: Կարևոր ձեռքբերում է համարվել երկու երկրներում դեսպանատների բացումը, ինչն իր հերթին փոխգործակցության խորացման լրացուցիչ խթան է: Գոհունակությամբ է ընդգծվել այն փաստը, որ երկու պետությունների միջև ձևավորված են բարձր մակարդակի հարաբերություններ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Գերատեսչությունից նշում են, որ խորհրդարանական օրակարգի առաջմղման համատեքստում կարևորվել է փոխայցերի ակտիվացումը, ընդգծվել միջազգային հարթակներում Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը։

Նշելով, որ Կիպրոսը սատարում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը՝ դեսպանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի մանրամասներին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Անդրադարձ է եղել երկու երկրների գործակցության ընդլայնմանը, հատկապես՝ տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում