Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 11-ին Մատենադարանում մեկնարկեց «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագիտության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը ողջույնի խոսքով հանդես գալով համաժողովի բացմանն ու լրագրողների հետ զրույցում՝ շեշտեց, որ Թումանյանն ուներ փոքրիկներին հասկանալու տաղանդը: «Նա և՛ փոխադրել է, և՛ հորինել: Թումանյանի գրած մանկական գրքերը մատչելի են նաև մեծահասակների համար: Մենք հաճույքով ենք կարդում «Քաջ Նազարը», նրան գտնում ենք մեր կյանքում, մեր շուրջը, տարբեր երկրներում, մեր մոլորակի վրա, այնինչ այս հեքիաթը գրված է երեխաների համար: Թումանյանի հանճարը հենց դրանում է. նա ստեղծել է մանկական գրականություն, որը բավարարում է նաև մեծահասակներին»,-ասաց Նունե Սարգսյանը:

Խոսելով Թումանյանի հեքիաթների սարսափելի կերպարների մասին` նախագահի տիկինը հիշեցրեց, որ և՛ Գրիմ եղբայրների, և՛ Շառլ Պերոյի գործերում կան վախ առաջացնող հերոսներ: «Ենթադրում եմ, որ այդ կերպարներին հեքիաթներում ընդգրկելը ևս դաստիարակչական բնույթ ունի: Դա կոփելու, երեխաներին կյանքին պատրաստելու ձև է, որովհետև աշխարհում կան նաև վատ մարդիկ, թշնամիներ»,-շեշտեց տիկին Սարգսյանը:

Նրա խոսքով` երեխաները հատուկ «ազգ» են, նրանք հասարակության հետաքրքիր խավն են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները:

«Դժվար է նրանց համար գրքեր գրելը: Հաճախ ասում են, որ մանկագիրները մտածում են ինչպես փոքրիկները, այդ իսկ պատճառով գրում են նրանց համար: Այդպես չէ: Մենք ուզում ենք պարզել ու հասկանալ, թե ինչ են մեզանից սպասում երեխաներն ու փորձում ենք խոսել նրանց լեզվով: Ես բախտավոր եմ, որ ինձ հաջողվել է մի քանի պատմություն ստեղծել, որոնք դուր են եկել փոքրիկներին: Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ իմացա, որ գրադարաններում իմ գրքերը մաշվել են: Դա ամենամեծ հաճոյախոսությունն է մանկագրի համար»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

Անդրադառնալով գիտաժողովին` նա ասաց, որ բանախոսները շատ հետաքրքիր են և իրենց զեկույցներով կարող են հարստացնել բոլոր մասնակիցներին:

Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանն էլ տեղեկացրեց, որ ուղիղ տասը տարի առաջ թանգարանում բացվել է իրենց բաժինը: «Սա թվով տասներորդ գիտաժողովն է, որը նվիրվում է բացառապես հեքիաթի ուսումնասիրությանը»,-ասաց Ջիվանյանը ու հավելեց՝ շատ լավ է, որ այս օրերին Հայաստանում նշվում է նաև Թարգմանչաց տոնը:

Գիտաժողովին, որն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 13-ը, զեկույցներով հանդես եկան հյուրեր Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից: Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

Գիտաժողովն իրականացնում է Հովհաննես Թումանյանի թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ:

Գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվելու է «Թուղթ ու թիթեղ կամ Մանկության պահնորդները» խորագրով ցուցահանդեսը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում