Իմ կրկնակի Արարատը. Մեժելայտիսի Հայաստանի մասին ստեղծագործություններն ամփոփվել են մեկ գրքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի մեծ բարեկամ, Լիտվայի ժողովրդական բանաստեղծ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդաս Մեժելայտիսի՝ Հայաստանի մասին ստեղծագործություններն ամփոփվել են «Իմ կրկնակի Արարատը» գրքում: Գրող, թարգմանիչ, «Իմ կրկնակի Արարատը» գիրքը կազմող Ֆելիքս Բախչինյանի խոսքով, գիրքը հրատարակվել է Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան 100-ամյակի առթիվ:

«Ես որոշեցի հավաքել նրա բոլոր հոդվածներն ու բանաստեղծությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, և այդպես ծնվեց այս ժողովածուն: Դեռևս 1984 թվականին տպագրվեց Մեժելայտիսի գիրքը, որտեղ ամփոփված էին նրա բանաստեղծությունները, ակնարկները հայ ժողովրդի մասին, սակայն դա ամբողջը չէր: Այս գրքում ամբողջն է տեղ գտել, նույնիսկ նրա նամակները»,-ասաց Ֆելիքս Բախչինյանը:

Էդուարդաս Մեժելայտիսը մեծ կապեր ուներ Հայաստանի հետ և իր գրական գործունեության ընթացքում երեք անգամ այցելել է Հայաստան: Նա այդ այցելությունների ընթացքում բանաստեղծական երեք շարք է նվիրել Հայաստանին, հայ ժողովրդին: Այդ ամբողջն ամփոփվել է «Քարե գինի» ժողովածուի մեջ, որը հայերեն է թարգմանել բանաստեղծ Վահագն Դավթյանը: Էդուարդաս Մեժելայտիսն այն գրողներից էր, ովքեր անդրադարձել են Մեծ եղեռնի թեմային:

«Դեռևս 1975 թվականին նա գրեց մի հրաշալի հոդված, որով քննադատեց թուրքական կառավարությանը, վեր հանեց Եղեռնի թեման, այդ հոդվածը տպագրվեց աշխարհի մի շարք երկրներում տարբեր լեզուներով»,- ասաց Ֆելիքս Բախչինյանը: Լիտվացի գրողը նաև մի շարք ակնարկներ ու հոդվածներ է գրել Հայաստանի ու հայ գրողների մասին: Ֆելիքս Բախչինյանը առանձնացրեց Մարտիրոս Սարյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Եղիշե Չարենցի, Նահապետ Քուչակի մասին հոդվածները: Նրա խոսքով, դրանք բարձրարժեք էսսեներ են, գրականագիտական հոդվածներ, ակնարկներ հայ գրականության մասին:

Ֆելիքս Բախչինյանի խոսքով, լիտվացի գրողը, մեծ բանաստեղծ լինելուց զատ, նաև մեծ փիլիսոփա էր: Նրա գնահատմամբ, ռուս մեծ գրող Վալերի Բրյուսովից հետո Մեժելայտիսը երկրորդն է, որ կարողացել է այսպես խորությամբ անդրադառնալ հայ մշակույթին:

«Նա սիրահարված էր Հայաստանին: Յուրահատուկ ձևով էր իր ստեղծագործություններում անդրադառնում մեր երկրին: Հայաստանը նրա սրտին շատ մոտ է եղել, նա դեռ զինվորական ծառայության տարիներին ծանոթացել էր հայ գրողների ստեղծագործություններին ու տպավորվել: Երբ եկել էր Հայաստան, նրան նվիրել էին Նարեկացու հատորը: Հետագայում նա իր տպավորությունները արտահայտել էր ակնարկում»,-ասաց Ֆելիքս Բախչինյանը:

Հոկտեմբերի 3-ին՝ Էդուարդաս Մեժելայտիսի ծննդյան օրը, Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի երեկո՝ նվիրված մեծանուն գրողի 100-ամյակին: Այդ օրը կկայանա «Իմ կրկնակի Արարատը» գրքի շնորհանդեսը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից