Հասարակական

Ընդամենը մեկ շաբաթում «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակում 26 առաջարկ է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

Ընդամենը մեկ շաբաթում «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակում 26 առաջարկ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 8-ից գործարկված «Ակտիվ քաղաքացի» (activecitizen.am) էլեկտրոնային հարթակում արդեն իսկ գրանցվել է 633 քաղաքացի և ներկայացվել է 26 առաջարկ Երևանը բարեփոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միխումբ քաղաքացիներ բավականին հետաքրքիր նախագծեր և առաջարկներ են ներկայացրել քաղաքի գրեթե բոլոր ոլորտներին առնչվող:

Քաղաքացի Պետրոս Սարգսյանը, օրինակ, առաջարկում է շտապող մարդկանց ժամանակի խնայելու նպատակով չվացուցակ տեղադրել մետրոյի դրամարկղի մոտ:

Թելման Թևոսյանը Հայաստանում սքեյթը զարգացնելու համար և ակտիվ ժամանց կազմակերպելու նպատակով առաջարկում է այդ մարզաձևի համար նախատեսված այգիներ կառուցել:

Մեկ այլ քաղաքացի, բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով, առաջարկում է կենցաղային վտանգավոր թափոններ ընդունող տերմինալները տեղադրել Երևանում:

Նախագիծը մշակողները առաջարկին կից տեղադրում են լուսանկար, տեսահոլովակ և նախատեսվող գումարի չափը ծրագրի իրականացման համար:

Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ activecitizen.am էլեկտրոնային հարթակում առաջարկված գաղափարների, ծրագրերի իրականացման համար: Քաղաքացիների կողմից առավելագույն ձայնը ստացած առաջարկի իրականացման համար բյուջեից գումար կհատկացվի:

Առաջարկներ կարող է ներկայացնել ցանկացած քաղաքացի, իսկ քվեարկությանը՝ միայն Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակցելու իրավունք ունեցողները:

Քվեարկությունը սկսվելու է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:

Հարթակի ստեղծումը 2019 թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով: Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում