ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ. Աննա Կարապետյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը մինչ օրս ոչ լեգիտիմ է գործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարության վերաբերյալ հարցերին:
«Սահմանադրական դատարանը չի կարող երկու նախագահ ունենալ, և ՍԴ-ի նախագահը պետք է լինի դատավոր»,- ասաց Աննա Կարապետյանը, հավելելով, որ ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ:
Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:
«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը: