Քաղաքականություն

Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

  Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը մնում է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են իրեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, և Ադրբեջանի Հանրապետության, որը հանդիսանում է մեր վաղեմի գործընկերը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների կազմում ենք գործում: Այս հարցում անում ենք ինչպես համատեղ քայլեր մեր գործընկերների հետ, այնպես էլ առանձին քայլեր: Այս մեխանիզմները կան, աշխատում են: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա»,- ասաց Կոպիրկինը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում