Անչափ տպավորված ենք Հայաստանի հնագույն ժառանգությամբ. «Պարկեր» քառյակը ժամանել է Երևան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեմմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը երևանյան համերգին կատարելու է Մոցարտի, Յանաչեկի և Դվորժակի հանրահայտ ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում խմբի համերգային երեկոն անցկացվելու է մայիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Քառյակի անդամներն արդեն Հայաստանում են և հասցրել են շրջել մեր երկրի տեսարժան վայրերով, ծանոթացել են հայկական խոհանոցին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողերի հետ զրույցում հայտնեց «Պարկեր» քառյակի ջութակահար Ջեսիկա Բոդները:

«ԱՄՆ-ում շատ են հայերը. միշտ ցանկություն եմ ունեցել լինել նրանց երկրում: Վերջապես այդ հնարավորությունն ընձեռվեց: Ծանոթացել ենք Հայաստանի հնագույն ժառանգությանն ու անչափ տպավորված ենք: Ընդգծեմ, որ մեզ շատ ջերմ են ընդունել ամենուր»,-նշեց երաժիշտը:

Քառյակի ջութակահար Դանիել Չոնգն անդրադարձավ երևանյան համերգի ծրագրին ու տեղեկացրեց, որ ներկայացնելու են Մոցարտի, Յանաչեկի և Դվորժակի ստեղծագործությունները: «Մոցարտի գործերում կա թափանցիկություն, պարային հետաքրքիր դրվագներ, իսկ Դվորժակին հատուկ է դրամատիզմը, ինչին հաճախ ենք հանդիպում Բեթհովենի արվեստում: Հարուստ ծրագիր է, որն ընտրվել է հատուկ Երևանի համար»,-շեշտեց երիտասարդ ջութակահարը:

Խոսելով դասական կամ ժամանակակից գործերի մասին, որոնք իրենք հնչեցնում են աշխարհի տարբեր բեմերում` նա ընդգծեց, որ նվագում են սրտից ու մշտապես ընտրում են իրենց հարազատ ստեղծագործություններ, և դա է պատճառը, որ դրանք հարազատ են դառնում նաև ունկնդիրներին:

Խմբի անդամները նշեցին, որ հայ կոմպոզիտորներից ծանոթ են Տիգրան Մանսուրյանի գործերին:

«Պարկեր» քառյակն այսօրվա լավագույն երաժշտական քառյակներից է, որն արժանացել է երաժշտասերների սիրուն ու նվաճել ամենահեղինակավոր մրցանակները: Խմբի անդամները վստահ են, որ հաջողության հասնելու գրավականը աշխատասիրությունն է և երաժշտության միջոցով ունկնդիրների հետ երկխոսությունը:

«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին: Խմբին հաջողվել է դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019 թվականների շրջագայությունների ընթացքում խումբը երաժշտասերներին է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆեկտը», ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակում, ինչպես նաև ելույթները «Քարնեգի» համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

«Պարկեր» քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձր գնահատականին։

Քառյակի «Naxos»-ի հետ Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունը 2011-ին արժանացավ Գրեմմի մրցանակի «Լավագույն կամերային կատարում» անվանակարգում:

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։

«Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների «Գիլդ» մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ, քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան