Հասարակական

Դատախազությունը վերքննիչ բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման դեմ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը վերքննիչ բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործովվարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է:

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- գրել է նա:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում