Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախը ներգրավելու Հայաստանի առաջ քաշած օրակարգը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն է պատրաստ սպասել Հայաստանը, եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հայկական կողմի դիրքորոշման հետ:

«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել, որովհետև ես անկեղծ ասեմ՝ այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ մեր ադրբեջանցի գործընկերների համար: Այն, ինչ ասել ենք այս ընթացքում, այդ օրակարգը ես որոշ շփումների ընթացքում առաջադրել եմ. դա նույն օրակարգն է, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, և ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն. ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարել եմ, սա մեր կողմից ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման: Սա ձևաչափի փոփոխության առաջարկ չէ, բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է: Մենք այս թեմայով քննարկումը շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այդ քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին և մենք նույննն ակնկալում ենք նաև նրանցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց մենք նույն ակնկալիքը պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունն արել է Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, իսկ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը նույն հայտարարությունը կրկնել է Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, սա երկխոսության հրավեր է, երկխոսության գործընթաց է: Այդ երկխոսությունը նոր չի սկսվել, դա սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդ երկխոսությունը չգիտեմ, թե որտեղ տեղի կունենա, և մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որևէ մեկն ասի ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա տրամաբանական մոտեցում չի լինի, մենք էլ չենք հրաժարվի երկխոսությունից, իսկ այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք