Պաշտոնական

Բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ

2 րոպեի ընթերցում

Բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում  վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով հայ-ղազախական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Լենա Նազարյանը խոսել է տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել գործընկերային համագործակցությունը:

ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել ղազախական կողմին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեր երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Ղազախստանի դեսպանության հետ սերտ համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Թիմուր Ուրազաեւը եւս անդրադարձել է երկկողմ փոխգործակցության օրակարգի խնդիրներին, տարբեր ինտեգրացիոն ուղղություններում համագործակցությանը: Դեսպանի գնահատմամբ՝ եւ՛ ՀԱՊԿ-ը, եւ՛ ԵԱՏՄ-ն պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին:

Դեսպանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ համայնքի խնդիրների ու գործունեության, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման վերաբերյալ: Թիմուր Ուրազաեւը նշել է, որ բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ: Այդ համատեքստում Լենա Նազարյանը վստահեցրել է, որ մեր երկրում այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ օտարերկրյա ներդրողների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում