Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրությունը պետք է սկսի կիրառել այլ գործիքակազմ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները չեն դադարում հետապնդումները լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում երկրում «բազմամշակութայնության» և «հանդուրժողականության» առկայության մասին հայտարարություններին և այդ թեմաներով իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ: Օրերս ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանական Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկելու՝ դատարանի որոշման կապակցությամբ: Վերջինս հիշատակեց նաև 2017թ-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխտարլիի դեպքը, լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին հարգել լրագրողների ազատ արտահայտման իրավունքը:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, լրագրողների, ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները և ձերբակալությունները այն իրականությունն են, որոնց մասին խոսում են բոլորը՝ ամենատարբեր մակարդակներով, որոնց վերաբերյալ արվում են քննադատական հայտարարություններ, որոնց հետ կապված բազմաթիվ տվյալներ են ներկայացվում միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այնուամենայնիվ, Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի ձերբակալության մասին Ադրբեջանի դատարանի որոշման փաստն ինքնին խոսում է այն մասին, որ, թերևս, միջազգային հանրության կողմից հնչող քննադատությունները և զեկույցները միայն բավարար չեն զսպելու Ադրբեջանի իշխանություններին, ովքեր շինծու՝ իշխանության դեմ հրապարակային կոչերի, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով փորձում են լռեցնել այլախոհներին:

Ավելին, Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը վաղուց արդեն ներթափանցել է միջազգային, մասնավորապես, եվրոպական կառույցներ: Դրա վառ դրսևորումը ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կողմից Ադրբեջանի իշխանություններից ստացած գումարներն են, որոնք օգտագործվել են՝ «ստիպելու» պատգամավորներին գործել ի շահ Ադրբեջանի և լռել այնտեղ տիրող մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Արդյունքում, կրկին, Ադրբեջանի համար ամեն ինչ ավարտվել է միայն հնչող քննադատություններով և հորդորներով:

Այսպիսով, վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ իրականացվող իր քաղաքականությունում սկսի կիրառել այլ գործիքակազմ, որոնք կլինեն առավել հստակ և որոշակիորեն կզսպեն Ադրբեջանի իշխանություններին: Նման գործիքներից, օրինակ, կարող էր լինել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելը: Հակառակ պարագայում, օրինակ, Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, այնուհետև Ադրբեջանի վետոյի իրավունքի կիրառման արդյունքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը կհետևի միջազգային այլ կառույցների ներկայացուցչությունների փակումը, ինչի արդյունքում երկիրը կդառնա անվերահսկելի, անկանխատեսելի և տարածաշրջանի կայունությանը սպառնացող: Իսկ այն, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը, հայտնի ճշմարտություն է, և Ադրբեջանի պարագայում իշխանությունների անհանդուրժողականությունը դրսևորվում է ինչպես երկրի ներսում՝ սեփական բնակչության նկատմամբ, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Գրետա Ավետիսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում