Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
2 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953470.jpg)
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:
Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հարաբերություններին, ինչպես նաեւ ներհայաստանյան զարգացումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ներկայացավ աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարության ձեռքբերումներով:
Ստեֆանո Լազարոտոն, բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը, վստահեցրել է, որ իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս հայ-շվեյցարական կապերը կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարեւորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, կրթական ծրագրերի եւ այլ ոլորտներում: