Քաղաքականություն

Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին. դեսպան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվել Ֆրանսիայում, իսկ կոռուպցիայի դեմ տարվող ակտիվ պայքարը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հետ ամուր կապը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, Ֆրանսիայում չափազանց դրական ընկալվեց: Լրատվամիջոցները մեծ համակրանքով անդրադարձան ընթացող ներքաղաքական իրադարձություններին: Շատ կարևոր է, որ դրանք ծայրաստիճան խաղաղ մթնոլորտում էին իրականանում: Ես ևս իմ իշխանություններին ի պաշտոնե փոխանցել եմ, որ այդ ժամանակում ոչ մի ֆրանսիացի վտանգի մեջ չի եղել: Նույնն արձանագրել են նաև ֆրանսիացի դիտորդները: Գյումրիում,Երևանում, Վանաձորում և այլ քաղաքներում ժողովուրդն էր դուրս եկել փողոց: Դրանք ոչ կուսակցական, ոչ քաղաքական ուժեր էին: Ամեն ինչ ընթացավ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան»,-ասաց Լաքոտն ու հավելեց` ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպված:

Դեսպանի հավաստմամբ` փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններին: Նա նշեց նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությունը` պայքարը կոռուպցիայի և մենաշնորհային կառույցների դեմ: Լաքոտը դա շատ կարևոր ուղերձ համարեց Հայաստանի գործընկերների` մանավանդ տնտեսվարող սուբյեկտների համար:

«Հայաստանում շուկայական հավասար պայմանների ստեղծումը բոլոր տնտեսվարողների համար շատ լավ ազդակ է: Բացի այդ, կայանում է իրավական պետություն, որը վերահաստատում է մեր երկու պետությունների միջև կապը»,-ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ այս շրջանում արդեն իրենք զգացել են, որ հայ ժողովուրդը պահանջատեր է` ստանձնելու իր երկրի ղեկը: Սա նոր էներգիա և լավատեսություն է հաղորդում ինչպես դեսպանին,այնպես էլ իր երկրին՝ Ֆրանսիային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում