«Ամառային ընթերցանություն» ծրագրին մասնակցում են Երևանի ու մարզերի երեխաներն ու պատանիները 

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկտեղելով հանգիստն ու ընթերցանությունը՝ արդեն 4 տարի իրականացվող «Ամառային ընթերցանություն» ծրագիրը գրական–մշակութային ակտիվ միջավայր է ստեղծում բազում երեխաների ու պատանիների համար: Նախաձեռնության շրջանակում ամռան ամիսներին նրանք հնարավորություն են ստանում կարդալու բազում հետաքրքիր ու ինքնատիպ գրքեր: Արդեն իսկ ժողովրդականություն վայելող ծրագիրն իրականացնում է «Զանգակ» հրատարակչությունը:

«Արմենպրես»-ը զրուցել է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանի և «Զանգակ» հրատարակչության մարքեթինգային ծրագրերի համակարգող, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գլխավոր համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ՝ ծրագրի մասին:

-Ինչպե՞ս ծնվեց «Ամառային ընթերցանություն» ծրագրի իրականացման գաղափարը, ինչպիսի՞ն է ծրագրի կոնցեպտը:

Մարիաննա Աճեմյան - 2014 թվականին «Զանգակ»–ում մի քանի շաբաթ տևած թիմային բուռն քննարկում էր, թե ինչպես անել, որ ամառային արձակուրդին երեխաները կարողանան մեկտեղել հանգիստն ու ընթերցանությունը, թե ինչպես երեխաների համար ստեղծել գրական-մշակութային ակտիվ միջավայր՝ ամառային արձակուրդն առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար: Եվ ահա այդ քննարկման արդյունքում էլ ծնվեց մանկապատանեկան ծրագրի գաղափարը: Այնուհետև թիմը սկսեց ակտիվ մշակել ծրագրի ձևաչափը, ընտրվեց ծրագրում ընդգրկվելիք գրքերի ցանկը, և հենց 2014 թվականին էլ մեկնարկ տվեցինք «Ամառային ընթերցանությանը»: Ծրագիրը տևում է երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, մշտապես ուղեկցվում է գրական տարաբնույթ միջոցառումներով: Ամեն տարի շուրջ 25 գրախանութներում տեղադրվում են տնակ-գրապահարաններ, որտեղ ներկայացվում են անվճար փոխանակման տրվող շուրջ 3 տասնյակ գրքեր: Ծրագրի ավարտից հետո ընտրվում են ակտիվ և լավագույն ընթերցողները, որոնք ստանում են խրախուսական տարբեր մրցանակներ, օրինակ՝լավագույն ընթերցողների շնորհիվ տնակ–գրապահարանները 6 ամսով հյուրընկալվում են նրանց դպրոցներում` ուսումնական տարվա ընթացքում ևս ապահովելով ակտիվ գրական միջավայր: Ծրագրում առանցքային դեր ունի գրախանութներին աջակցելը՝ ներկայացնելու մանկապատանեկան գրականության նորությունները, հայ և համաշխարհային դասական և ժամանակակից հեղինակներին, ամրապնդելու հրատարակչություն-ընթերցող-գրախանութ կապը`ներկայացնելով գրախանութը որպես մշակութային և ընտանեկան ժամանցի միջավայր:

- Ինչպիսի՞ն էր արձագանքը ծրագրի մեկնարկին և հիմա:

Մարիաննա Աճեմյան - Դրական արձագանքեցին թե՛ ընթերցողները և թե՛ ծնողները: Այս տարիներին հանդիպել կամ, կարելի է ասել, բացահայտել ենք այնպիսի մասնակիցների, ովքեր ընտանիքով են կարդում գրքերը և նոր միայն փոխանակում, այսինքն՝«Ամառային ընթերցանությունը» դարձել է ընտանեկան ժամանցի մաս:

-Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում «Ամառային ընթերցանություն» ծրագիրը:

Մարիաննա Աճեմյան- Ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդն անցկացնել գրական-մշակութային ակտիվ միջավայրում, զարգացնել հաղորդակցական և վերլուծական ունակություններԸ: Այն նաև նոր ընկերներ ձեռք բերելու անմիջական միջավայր է: Պետք է հավելենք, որ նոր ուսումնական տարին երեխաները սկսում են հարուստ գրական պաշարով, միևնույն ժամանակ պահանջկոտ ու ընթերցասեր աշակերտների կարգավիճակով:

Սոնա Հովհաննիսյան - Երեխաները, իսկապես, ընկերանում են գրական հերոսների հետ, գիրքն ավելի իրական է դառնում և նրանց դարձնում ընթերցասեր: Բացի դա՝ շատ հետաքրքիր և ուրախալի է դիտել, ինչպես են նրանք ծրագրի ընթացքում մտքեր փոխանակում սիրված գրքերից, խորհուրդներ տալիս, թե ինչ կարդալ և այդպիսով ձեռք բերում ընթերցասեր ընկերներ, որոնք կիսում են նույն հետաքրքրությունները:

-Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից:

Մարիաննա Աճեմյան - Մասնակցության պայմանները շատ պարզ են. յուրաքանչյուր այցելու, ծրագրի գործընկեր որևէ գրախանութից ձեռք բերելով ծրագրում ընդգրկված ընդամենը մեկ գիրք, դառնում է ծրագրի մասնակից: Ստանում է ընթերցողի քարտ, որն էլ հնարավորություն է ընձեռում, անվճար փոխանակելով ծրագրի` տնակ-գրապահարաններում ներկայացված ավելի քան երեք տասնյակ գիրք, կարդալ դրանք:

Ընթերցողն ինքն է որոշում, թե որ պահին մոտենա տնակ-գրապահարանին և կատարի հերթական փոխանակումը՝ սկսելով մի նոր արկածային ճամփորդություն. չկա պարտադրանք, երեխան կարդում է այն գիրքը, որն ուզում է:

-Ի՞նչ գրքեր են ներառված ծրագրում, և արդյոք ամեն տարի գրքերի ցանկը փոխվո՞ւմ է: Ինչպե՞ս եք կատարում գրքերի ընտրությունը:

Մարիաննա Աճեմյան - Ծրագրում ներառված են «Զանգակ» հրատարակչության վերջին տարիներին հրատարակած այն գրքերը, որոնք մեր մասնագետների կարծիքով այդ տարիքի երեխաների հետաքրքրության շրջանակներում են: Ամեն տարի փորձում ենք ծրագիրը համալրել նոր հրատարակություններով. այս տարի ծրագրում ընդգրկված է երեք տասնյակից ավելի գիրք, իսկ ընթացքում կավելանա երկու նոր հրատարակություն` Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» և Քրիստիան Նյոստլինգերի «Պատմություններ ֆրանցի մասին» գրքերը: Ընթերցողներն ունեն բավականին մեծ ընտրություն. ծրագրի շրջանակում կարող են ընթերցել հայ և համաշխարհային մանկագիրների գրքերը:

- Ովքե՞ր են այս տարվա ծրագրի մասնակիցները, քանի՞սն են նրանք:

Մարիաննա Աճեմյան - Այս պահին ծրագիրն ունի շուրջ 300 մասնակից, որոնք ակտիվ ընթերցում են, փոխանակում և կիսում իրենց կարծիքներն ու տպավորությունները՝ սպասելով մեր հերթական հանդիպմանը: Ուրախալի է, որ ծրագրի մասնակիցների մեջ կան նաև երեխաներ, որոնք դեռևս կարդալ չգիտեն, սակայն ծնողների օգնությամբ ծանոթանում են գրքերին և ակտիվ մասնակցում միջոցառումներին: Այնպես որ, մասնակիցների տարիքային շեմը նշելը մի փոքր բարդ է: Ծրագիրը գործում է Երևան, Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Էջմիածին, Հրազդան, Ստեփանակերտ, Վանաձոր քաղաքներում:

- Ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում ծրագրի շրջանակում:

Սոնա Հովհաննիսյան - Այս տարի ծրագրում ներառված են 18 «գրական արկածներ»: Ամեն տարի փորձում ենք ոչ միայն տարբեր ձևաչափեր ընտրել, ինչպես, օրինակ, գրական հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, շնորհանդեսներ, ստեղծագործական ընթերցումներ, այլև ներառել բոլորովին նոր թեմաներ: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ–ի հետ նախաձեռնեցինք մեզ համար մի շատ կարևոր միջոցառում, որի ժամանակ կխոսենք երեխաների իրավունքների մասին: Ամենաակտիվ և սիրված միջոցառումներից է «Ջրային ընթերցանությունը» Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ: Մեզ է միանալու նաև իտալացի մկնիկ հրատարակիչ Ջերոնիմո Ստիլտոնը, որի հետ հետաքրքիր հանդիպում է սպասում երեխաներին: Այս տարի նախատեսել ենք լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպել մեկ միջոցառում` հույս ունենալով հետագայում ավելացնել դրանց քանակը: Եվ դեռ ընթացքում բազմաթիվ անակնկալներ են սպասում երեխաներին և, ինչու չէ, նաև մեզ:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում