Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. 43 միլիոն հավատացող սիրտ. ԱՐԳԵՆՏԻՆԱ

7 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. 43 միլիոն հավատացող սիրտ. ԱՐԳԵՆՏԻՆԱ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացիները ֆուտբոլ են խաղում նույն կրքոտությամբ, ինչպես տանգո են պարում: Զգում են գնդակի փոխանցումն այնպես, ինչպես տանգոյի երաժշտության յուրաքանչյուր նոտան, և այդպես էլ կառուցում են իրենց շարժումը, իրենց խաղը: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը աշխարհի տիտղոսակիր թիմերից մեկն է: Այն աշխարհի 20 առաջնություններից միայն 4-ն է բաց թողել:

Պատմական ակնարկ…

1930 թվականին, երբ Ուրուգվայն ընդունեց աշխարհի առաջին առաջնությունը, «երկնային աղավնիները» հասան մինչև եզրափակիչ, և այստեղ 2-4 հաշվով պարտվեցին տանտերերին` Ուրուգվայի հավաքականին: 1934 թվականին իտալական մունդիալում արգենտինացիները շատ առաջ չգնացին: Հետագայում, բաց թողնելով 1938, 1950 թվականների ԱԱ-ները, հարավամերիկացիները մունդիալ վերադարձան 1958 թվականին: Իրենց կայուն ու գեղեցիկ խաղի շնորհիվ թե այդ տարի, և թե հաջորդ մունդիալի ժամանակ նրանք դուրս եկան խմբից, բայց եզրագծին հասնել չկարողացան: 1966 թվականին «մառախլապատ Ալբիոն»-ում կայացած ԱԱ-ում նրանք քառորդ եզրափակիչում զիջեցին դարձյալ տանտերերին` Անգլիայի հավաքականին: 1978 թվականը արգենտինական ֆուտբոլի տարին էր: Սեփական հողի վրա ընդունելով ԱԱ-ն, «աղավնիներն» ամբողջ առաջնության ընթացքում խփեցին 15 գնդակ` բաց թողնելով 4-ը և եզրափակիչում հաղթելով Նիդեռլանդներին` դարձան չեմպիոններ: Մեքսիկայում կայացած խաղերի ժամանակ արգենտինացիները կրկին բարձունքում էին: Տոնելով 6 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի` Արգենտինան կրկին անհաղթահարելի մնաց մյուսների համար և կրկին լավագույնն էր աշխարհում: Եվ հենց այս առաջնությունում էր, որ խփվեց «դարի» գոլը: Գոլի հեղինակը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դիեգո Արմանդո Մարադոնան էր: Քառորդ եզրափակիչում անգլիացիների հետ հանդիպման ժամանակ Մարադոնան ձեռքով գրավեց դարպասը, որը հետագայում արգենտինացիները պիտի կոչեին «Աստծո ձեռք»: Տարիներ անց, ինքը` Մարադոնան, խոստովանել է, որ, այո, ձեռքով է խփել: Հետագա բոլոր մունդիալներում Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին ոչ միայն մասնակից է եղել, այլև գտնվել է ֆավորիտների շարքում, ցուցադրել գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ: Արգենտինացիների համար բոլոր ժամանակների «ոխերիմ» մրցակիցներ են եղել Բրազիլիայի, Ուրուգվայի, Գերմանիայի և Անգլիայի հավաքականները:

Մունդիալ-2014-ում Արգենտինային մեկ քայլ էր բաժանում ոսկե գավաթից: Բայց այդ ճանապարհին «կանգնեց» Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Մարիո Գյոտցեն: Բրազիլիայում կայացած 20-րդ ԱԱ-ի եզրափակչում մրցեցին Գերմանիան և Արգենտինան: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Գյոտցեն մեկ հպումով գնդակն ուղարկեց Արգետինայի դարպասը` միևնույն ժամանակ կոտրելով արգենտինական «երազը»:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

«Կապտասպիտակները» աշխարհի առաջնության որակավորման փուլի 18 խաղերից 7-ում հաղթեցին, 7-ը ավարտեցին ոչ-ոքի, իսկ 4-ն ավարտեցին պարտությամբ: Հարավամերիկյան գոտում Արգենտինան գրավեց 3-րդ տեղը, իրենից առաջ թողնելով Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականներին, սակայն նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Արգենտիննան ոչ միայն D խմբի, այլ ամբողջ մունդիալի ֆավորիտներից է: Արգենտինայի համար պետք է որ դժվարություն չառաջացնի Իսլանդիայի և Նիհերիայի դեմ խաղերը, սակայն խորվաթները կփորձեն հաջողության նժարն իրենց կողմը թեքել: Արգենտինան ԱԱ-ի առաջին խաղում` հունիսի 16-ին Մոսկվայում կխաղա Իսլանդիայի հետ: Հունիսի 21-ին «աղավնիների» մրցակիցները կլինեն խորվաթները: Իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 26-ին Արգենտինան կփորձի հաղթել Նիգերիային:

Հավաքականը…

«Աղավնիները» Ռուսաստան կուղևորվեն հետևյալ կազմով` Դարպասապահներ․Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»): Պաշտպաններ․Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»),Քրիստիան Անսալդի(«Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»): Կիսապաշտպաններ․Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո(«Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա(երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա(«Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»): Հարձակվողներ․Գոնսալո Իգուաին,Պաուլո Դիբալա(երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի(«Բարսելոնա»),Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):

Կա մի հետաքրքրական փաստ ևս: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը բոլոր ժամանակներում մարզել են ազգությամբ արգենտինացի մարզիչներ: Հիմա էլ հարավամերիկացիներին մարզում է լատինական ամերիկայի լավագույն մարզիչներից մեկը` Խորխե Սամպաոլին: Մեսսի, Մասկերանո, Ագուերո, Դիբալա և այլն: Սրանք անուններ են, որոնք խոսում են իրենք իրենց փոխարեն: Համաշխարհային ֆուտբոլին մեր օրերում փայլ, ռիմթ, երանգ տվող ֆուտբոլիստներ են, որոնք համախմբված են մեկ ընդհանուր երազանքով` վերջապես տիրանալ աշխարհի գավաթին:

Արգենտինան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 5-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները՝ Twitter

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում