Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն «Ազգ-բանակ» հայեցակարգին «վատ է վերաբերվում», Վիգեն Սարգսյանն արձագանքում է նրա դիտարկումներին

6 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն «Ազգ-բանակ» հայեցակարգին «վատ է վերաբերվում», Վիգեն Սարգսյանն արձագանքում է նրա դիտարկումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ-բանակ» հայեցակարգը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիտարկումների առանցքում է: Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում դեմ է արտահայտվել «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ նշելով, որ հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելու անհրաժեշտ չկա: Դրա փոխարեն պետք է երկրում ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում էլ մնան:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին զարմացրել են Արմեն Գրիգորյանի դիտարկումները: Նա, արձագանքելով Արմեն Գրիգորյանի դիտարկումներին, նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Վիգեն Սարգսյանի խոսքով, այն, ինչ Արմեն Գրիգորյանը ներկայացնում էր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չի կարողանա մատնանշել:

« «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում:

«Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն և կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար: Աստված պահապան մեր սպային և զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին և Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Նա ընդգծել է, որ Արմեն Գրիգորյանի և պաշտպանական ոլորտի նոր ղեկավարների արդյունավետ և հետևողական ծառայությունից է կախված ամբողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը:

«Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո և պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են»,-հավելել է Վիգեն Սարգսյանը: :

Մայիսի 17-ին քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը նշանակվել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

Նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ դեմ է «Ազգ-բանակ» հայեցակարգը, որովհետև հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա: Նա համոզված է, որ ժողովուրդը սիրում է իր հայրենիքը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակ»-ի անհրաժեշտություն չունի: «Եթե անհրաժեշտություն լինի պաշտպանվելու, ապա հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի և պաշտպանվելու է, պետք չէ մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել»,-ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում