Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք կառուցված են բարեկամության եւ փոխվստահության վրա: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ այս հարցում ընդգծելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի ակտիվ շփումների եւ փոխայցերի կարեւորությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար՝ հորդորելով դեսպանին այդ հարցում կրկնակի ակտիվությամբ համագործակցել կառավարության հետ:

Արա Բաբլոյանը բարեկամական կապերի առավել աշխուժացման եւ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում առանձնակի կարեւորել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն է, որի վառ ապացույցը մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն էին, երբ ոստիկանությունն ու ցուցարարները միմյանց նկատմամբ հանդուրժող ու հարգալից պահվածք դրսեւորեցին:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում` ընդգծելով, որ ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: «Արցախի ժողովուրդն այդպես է պատկերացնում իր ապագան՝ անկախ եւ ժողովրդավար. դրան այլընտրանք չի կարող լինել»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա ընդգծել է, որ Ճապոնիան կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Էյջի Տագուչին նշել է, որ իր երկրի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը եւս այն սեղմ ժամկետներում կվավերացնի:

Արա Բաբլոյանը Էյջի Տագուչիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում