«Այն երջանիկներից եմ, ովքեր վարձատրվում են իրենց հոբբիի համար». երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանի «Նորամուտ»-ը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

***

Ես քեզ ընտրել եմ

չկարդացած բոլոր գրքերի

և չնայած բոլոր ֆիլմերի

փոխարեն…

Արմեն Սարգսյան

Յուրահատուկ ձեռագիրն ու ինքնատիպ ստեղծագործությունները բանասեր-բանաստեղծ Արմեն Սարգսյանին վերջին երկու-երեք տարում երիտասարդության շրջանում սիրված հեղինակ դարձրին: Նրա «Չկարդացած գրքերի փոխարեն» ժողովածուի բանաստեղծությունները պարբերաբար հայտնվում են սոցցանցերում, ժողովածուի համար էլ 2016 թ. ստացել է գրականության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Նրա բանաստեղծությունները պարզ են, բայց ոչ՝ պարզունակ, թեթև են, բայց յուրահատուկ իմաստ ու ներքին ուղերձ են պարունակում: 26-ամյա գրողն «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծում պատմում է գրականություն մուտք գործելու, սիրելի հեղինակների, ստեղծագործական ոլորտի խնդիրների ու այլ թեմաների մասին: Ի դեպ, հատուկ «Արմենպրես»-ի համար Արմենը տեսանյութում ընթերցել է իր նոր և դեռևս չհրապարակված բանաստեղծություններից:

Առաջին քայլերը

Ստեղծագործել սկսել եմ դպրոցական տարիներից: Գրածներս բանաստեղծություններ չէին, հանգավորված տողեր էին: Դրանք առավել հասուն շրջանում հրապարակվեցին «Արևածաղիկ» ամսագրում, որտեղ ես արեցի իմ ստեղծագործական-լրագրողական առաջին քայլերը: Այդ բանաստեղծություններն այսօր բացարձակ չեմ հավանում: Իմ ուսուցիչ Նունե Ալեքսանյանը մի օր ինձ ասաց. «Արմե՛ն, բանաստեղծությունները միայն հանգավոր տողեր չեն»: Այդ օրն ինձ համար ճակատագրական դարձավ: Եւ ես հասկացա, որ հանգերը կաղապարում են ստեղծագործողին միտքն ազատ շարադրելու հարցում: Եւ ես որդեգրեցի վերլիբր բանաստեղծական ժանրը, որով մինչև այսօր շարունակում եմ ստեղծագործել:

...Իմ առաջին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» գրքում որևէ հանգավորված բանաստեղծություն չկա: Ժողովածուում տեղ գտան 2016 թ. գրածներս: Մինչ այդ գրածներս ոչ ոքի չեմ ցույց տալիս:

Ամեն օր մտածում ես, որ նախորդ օրը վատն է, և կարծում եմ, որ դա ստեղծագործական կյանքի շարժիչ ուժն է: Պետք չէ տեղում մնալ:

Մուտքը գրականություն

Առաջին լուրջ մուտքս գրականություն եղավ 2015 թ.: «Գրանիշ» գրական կայքում հրապարակվեց «Մոպասանի 11-րդ էջում» բանաստեղծական շարքը, որը շատ մեծ տարածում գտավ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևորը հաջող մուտքն է: Եվ պարզվեց, որ «Գրանիշ»-ում այդ տարի այդ շարքս ամենաընթերցվածն էր: Դրան հաջորդեցին բանաստեղծական շարքեր այլ հարթակներում:

Մասնագիտության ընտրությունը

Մասնագիտությունը մարդու մանկական հետաքրքրությունների խորացումն է: Ես բանասերի մասնագիտությունն ընտրել եմ 6-րդ դասարանում, որովհետև պարզապես սիրում էի իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչին: Եվ պիտի ասեմ, որ դպրոցական տարիներին մասնագիտությունների մասին լավ պատկերացում չունեի:

Բնագիտությունից չէի կաղում: Սովորաբար բանասերները մաթեմատիկա չգիտեն: Բայց ես մաթեմատիկա իմացող լեզվաբան եմ, և դա իմ առավելությունն է: Չէ՞ որ հումանիտար գիտություններում էլ մաթեմատիկա կա:

Եթե ժամանակը ետ տայինք, դարձյալ նույն մասնագիտությունը կընտրեի: Հետո աշխատանքի բերումով դարձյալ շարունակեցի իմ գործունեությունը գրականության բնագավառում, և այն երջանիկներից եմ, ովքեր վարձատրվում են իրենց հոբբիի համար:

Սիրելի հեղինակները

Ես ակտիվ ընթերցող եմ, շատ եմ կարդում: Ե՛վ հայ, և՛ համաշխարհային գրականությունից շատերն են ազդել իմ գրականության վրա: Վիլյամ Սարոյանի գրականությունը շատ եմ սիրում: Հրանտ Մաթևոսյանն էլ ինձ համար արձակի գագաթն է:

«Չկարդացած գրքերի փոխարեն»

Վերնագիրը շատ պատահաբար ծնվեց: Հեղինակի համար շատ կարևոր է ունենալ լավ վերնագիր: Գիրքը ուր որ է պետք է տպարանից դուրս գար, միջուկը պատրաստ էր, սակայն կազմի վրա վերնագիր չկար: «Չկարդացած գրքերի փոխարեն» վերնագիրն ինձ շատ կարևոր մարդ հուշեց: Առաջարկեց բանաստեղծություններիցս մեկի համատեքստից ընտրել: Եվ ծնվեց այն, ինչ կա: Գրքում 119 բանաստեղծություններ կան, որոնք բաժանված են մի քանի շարքերի՝ ըստ հոգեվիճակի, տրամադրության:

ՀՀ նախագահի մրցանակը

Լավ է, երբ ընթերցողն է քեզ հավանում, և լավ է, երբ մասնագիտական խորհուրդն է քեզ հավանության արժանացնում: Կենսագրությունում, դրսում ներկայանալու համար քո անցած ճանապարհը շատ ավելի լուրջ է ընկալվում: Գալիս են ժամանակներ, մոռացվում են նախագահները, բայց հիշվում է, որ դու ինչ-որ պահի ստացել ես ինչ-որ մրցանակ:

Ժամանակակից գրականության խնդիրներ

Հայ ժամանակակից գրականության առաջնային խնդիրներից մեկը Հայաստանից դուրս ապրող բազմալեզու ընթերցող հասարակությանը ճանաչելի և ընկալելի դառնալն է: Հայաստանում կա փոքր լսարան, այստեղ ստեղծագործելով հնարավոր չէ գումար վաստակել, իսկ ստեղծագործական աշխատանքը նաև գումար պետք է բերի, որպեսզի հեղինակը դրան սովորական աշխատանքի պես վերաբերի:

Գրական գործակալի դպրոցը պետք է ավելի լավ հիմքերի վրա դրվի: Պետք են լավ թարգմանիչներ, այսինքն՝ թարգմանչաց դպրոցը պետք է դրվի լավ հիմքերի վրա: Եվ պետական ավելի մեծ հոգածություն է պետք հայ գրականությունն այլ լեզուներով թարգմանելու ու տարածելու համար, որպեսզի մենք նվաճենք այլ աշխարհամասեր:

Ժամանակակից գրականությունն իր լավագույն ընթացքի մեջ է, զերծ է ամեն տեսակի անազատություններից: Կարծում եմ, շատ տարիներ հետո մենք միայն հիացմունքով կխոսենք 21-րդ դարում ստեղծված գրականության մասին:

Նոր ընթացք

Երբ կարդում էի երկրորդ գրքիս համար գրած բանաստեղծություններս, հասկացա, որ դրանք ժամանակավրեպ են, և որոշ մասը դուրս հանեցի այդ շարքից: Հույս ունեմ, որ նոր գիրքս շատ չի ուշանա: Հայաստանյան վերջին զարգացումների հետ կապված՝ պետք է այնպես աշխատել գրքի վրա, որպեսզի ուրիշ Հայաստանում այդ բանաստեղծությունները ևս հետաքրքիր լինեն:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններին, բեմադրիչներին, նկարիչներին, երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում