Ինովացիա

Հայաստանը Հայդերաբադում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը Հայդերաբադում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-ին պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը («WCIT 2018»-ը):

Համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ։

Հայկական կողմից կազմակերպվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ողջունել է բոլոր ներկաներին և հրավիրել Հայաստան` «WCIT 2019»-ին մասնակցելու։

Նախատեսվում է, որ համաժողովի ավարտին Հայաստանը կվերցնի էստաֆետը` 2019 թ.-ին «WCIT»-ը մեր երկրում անցկացնելու համար։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ԻՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT»-ի կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է «WITSA» Տնօրենների խորհրդի անդամ: Նա ներկայացրել է նաև Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019 թ.-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի Հայաստանից հանդիսավոր վերցնեն «WCIT 2020»-ի էստաֆետը:

Համագործակցության եզրեր են ձևավորվել նաև ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019 թ.-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում